Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանի մշտական ներկայացուցչությունում ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Նրանք քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, հետագա անելիքների ու հումանիտար ծրագրերի վերաբերյալ հարցեր, հայտնում են Արցախի ԱԳՆ-ից։
Լորան Վոքիեն վստահություն է հայտնել, որ Արցախի և իր ղեկավարած շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու և ամրապնդվելու։ Իր հերթին Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել պարոն Վոքիեին՝ Արցախի հանդեպ բարեկամական վերաբերմունքի համար։
Լորան Վոքիեն հանդիպում է ունեցել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած արցախցիների հետ, լսել նրանց խնդիրները, քննարկել իրավական նշանակության մի շարք հարցեր։
Հաջորդիվ կայացել է Սերգեյ Ղազարյանի և Լորան Վոքիեի համատեղ մամլո ասուլիսը։
Հանդիպմանը նախորդել է ֆրանսիական պատվիրակության երկօրյա այցը Սյունիքի մարզ։ Ֆրանսիացի պաշտոնյաները եղել են Լաչինի միջանցքի սկզբնամասում, արձանագրել, որ Արցախ տանող միակ ճանապարհն արգելափակված է։
Ֆրանսիացի պաշտոնյանին այսօր ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար. ֆրանսիացի պաշտոնյա