Մատչելիության հղումներ

Շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար. ֆրանսիացի պաշտոնյա


Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին այսօր հյուրընկալել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Ֆրանսիացի պաշտոնյան Հայաստանի վարչապետի հետ կիսվել է Սյունիքի մարզ կատարած այցից տպավորություններով։

«Մեզ համար շատ կարևոր էր գնալ հենց Սյունիքի մարզ և լինել առաջին ֆրանսիական տեղական իշխանության մարմինը, որը համագործակցություն կսահմանի մարզի հետ, որովհետև մենք շատ լավ հասկանում ենք՝ ինչքան առանցքային է Սյունիքը Հայաստանի տարածքի ամբողջականության համար», - ասել է նա՝ հավելելով, որ տեսանելի է ամբողջ ծանրությունն ու դաժանությունը, որ կա մարզում հիմա։

«Գյուղերը, որ մեկուսացված են, ճանապարհները, որ կտրված են, երբեմն մի քանի հարյուր կամ մի քանի տասնյակ մետրի վրա ադրբեջանական դրոշները երևում են», - նշել է Լորան Վոքիեն, հավելելով, որ նկատել է միասնության ու համախմբման ոգին տեղում։

Նիկոլ Փաշինյանն, ըստ հաղորդագրության, ասել է, որ ի հեճուկս բոլոր մարտահրավերների՝ Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվել։ Նա հույս է հայտնել, որ Եվրամիության քաղաքացիական առաքելության ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կդառնա լրացուցիչ կայունության և անվտանգության գործոն:

Նրանք կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ուղղությամբ միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը:

XS
SM
MD
LG