Ազգային ժողովում այսօր պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդման՝ պատգամավորների մասնակցությամբ փակ աշխատանքային քննարկման ընթացքում ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանը «անհիմն դիտողություն է կատարել» «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցույան անդամ Վլադիմիր Վարդանյանին՝ բարձր տոնով խոսելու համար, ապա մոտեցել և աջ ձեռքում գտնվող ինչ-որ առարկայով մեկ անգամ հարվածել նրա ձախ հոնքին, որի արդյունքում իշխանական պատգամավորը վայր է ընկել։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, Մհեր Սահակյանը առերևույթ հանցավոր արարք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով դեպքից հետո ձերբակալվել է և տարվել Ոստիկանության բաժին։
Վլադիմիր Վարդանյանը տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ Մհեր Սահակյանը քննարկման ժամանակ հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, մարմնական վնասվածք պատճառել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջադեպ ԱԺ-ում՝ իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև․ դաշնակցական պատգամավորը բերման է ենթարկվել