Ամերիկյան The Wall Street Journal թերթի խմբագրակազմը Ջո Բայդենի վարչակազմին կոչ է անում կոշտ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի դեմ, որտեղ նախօրեին լրտեսության կասկածանքով կալանավորվել է լրատվամիջոցի թղթակից Էվան Գերշկովիչը։
The Wall Street Journal-ը Սպիտակ տան ղեկավարից պահանջում է քաղաքական և դիվանագիտական միջոցներ կիրառել Վլադիմիր Պուտինի վարչակազմի դեմ՝ ընդհուպ արտաքսել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին:
Ռուսաստանի իրավապահները պնդում են, թե լրագրողը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումներով, գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի մասին»։
Գործընկերների խոսքով՝ Գերշկովիչը Ռուսաստան էր մեկնել հետաքննելու, թե ինչպես է «Վագներ» մասնավոր ընկերությունը հավաքագրում տեղի բնակիչներին Ուկրաինայի դեմ պատերազմում ներգրավելու համար:
Սպիտակ տունը և ԱՄՆ Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել են ամերիկացի լրագրողի ձերբակալությունը, WSJ-ն կտրականապես հերքում է մեղադրանքները և պահանջում անհապաղ նրան ազատ արձակել:
31-ամյա Գերշկովիչը, ըստ արևմտյան լրատվամիջոցների, առաջին օտարերկրացի լրագրողն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո ձերբակալվել է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսաստանում WSJ-ի լրագրողը երկամսյա կալանքի է դատապարտվել՝ լրտեսության մեղադրանքովՌԴ ԱԴԾ-ը լրտեսության կասկածանքով ձերբակալել է WSJ-ի լրագրողին