Հայաստանի դրոշը առաջիկայում կարող է դառնալ քաղաքացիներին տուգանելու պատճառ։ Եթե, օրինակ, տան պատշգամբում կամ ավտոմեքենայում ծածանվող եռագույնը, ոստիկանների գնահատմամբ, լինի ոչ ամբողջական, կեղտոտ կամ գունաթափված ու պատռված, ապա քաղաքացին կարող է տուգանվել 30 հազարից 50 հազար դրամով, իսկ պաշտոնյաները ավելի մեծ տուգանքներ կվճարեն։
Նախագծի նպատակն, ըստ կառավարության, դրոշի արժևորումն ու դրա նկատմամբ հարգանքի ձևավորումն է։
Այսօր Երևանում մեզ հանդիպած քաղաքացիները դրոշի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը կողմ էին, բայց կարծիքները կիսվեցին տուգանքի հարցում։
«Պետական մտածողությունը երբեմն ամեն օր մեր աչքի առաջ ոտնահարվում է և այսօր պետական, ոչ պետական հաստատություններում ամեն օր կարելի է ականատես լինել ցնցոտիացված դրոշների, և շատ հաճախ մենք ուղղակի անցնում ենք՝ համարելով, որ այդպես էլ պետք է լինի», - ասաց վարչապետ:
Այսօր կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ նման դեպքերի մասին բազմիցս է բարձրաձայնել, բայց եկել է իրավական լծակներ գործադրելու ժամանակը։
«Հայաստանի Հանրապետությունը, նախ, բոլոր պետական մարմինները իրենց գործառույթի մեջ պարտադիր պետք է ունենան Հայաստանի Հանրապետության պետական սիմվոլների նկատմամբ համապատասխան խնամքը», - նշեց Փաշինյանը:
Գործող օրենքով դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանված է միայն պետական շենքերի վրա ծածանվող եռագույների դեպքում, օրենքին չհետևելը ենթադրում է 30.000-50.000 դրամ տուգանք։ Իսկ այլ վայրերում տեղադրված դրոշների դեպքում պատասխանատվություն նախատեսված չէ՝ պարզաբանում էր արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Այսօրվա գործող կարգավորումների համաձայն, բարձրացված դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված, ընդ որում, դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մ ոչ պակաս բարձրության վրա», - ասաց նախարարը:
Եթե խորհրդարանն ընդունի այս փոփոխությունները, ապա վարչական դատարանի փոխարեն այս հարցով կզբաղվի ոստիկանությունը։
«ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները, մասնավորապես, դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու պահանջը սահմանել որպես ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում», - նշեց Մինասյանը:
Վարչապետը նաև հայտարարեց՝ պաշտոնյաները միայն տուգանքով չեն սահմանափակվի, պետք է փոփոխվի նաև Աշխատանքային օրենսգիրքը. - «Օրինակ՝ պետական պաշտոնյան երկրորդ անգամ եթե այս նույն դեպքով վարչական պատասխանատվության է ենթարկել, Աշխատանքային օրենսգրքով դա պետք է հիմք դառնա նրա հետ պայմանագիրը խզելու համար, որովհետև եթե պետության հետ աշխատում է մարդը և պետության սիմվոլների նկատմամբ հարգանք չունի, այդ մարդու հետագա աշխատանքը նպատակահարմար չի»:
Դրոշի հետ կապված միջադեպ էր գրանցվել դեռ 4 տարի առաջ, երբ վարչապետ Փաշինյանն այցելել էր Նորագավիթի մաքսատուն և աշխատակից Հայկ Մարտիրոսյանին աշխատանքից ազատման դիմում գրելու ցուցում տվել նրա աշխատասենյակի անկյունում գետնին դրված կեղտոտ դրոշը տեսնելուց հետո։ Այս միջադեպից կես տարի անց վարչապետը հայտարարել էր՝ հրահանգել է Մարտիրոսյանին կրկին ծառայության ընդունել և ընդգծել՝ «համոզվել եմ, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի ստանդարտներ սահմանելու խնդիր կա»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարգևավճարներից կպակասեցնեք և ստեղ կբերեք կարգին վիճակի. Փաշինյանը շրջայց կատարեց Նորագավիթի ավտոմաքսատանը