Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում վերջին մեկ օրում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք, զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության երեկ երեկոյան հրապարակած ամենօրյա տեղեկագրում։ Չի նշվում, սակայն, թե որ կողմն է խախտել հրադադարը:
«Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են այդ փաստը», - նշված է հաղորդագրությունում։
Արցախի ներքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ նախօրեին ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, տուժածներ չկան, գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆՌուսաստանի ռազմական գերատեսչությունից հայտնել են նաև, որ երեք երթուղիներով պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
«Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ», - փոխանցում է ՌԴ ՊՆ-ը։
Վերջին շրջանում Արցախից պարբերաբար հաղորդումներ են ստացվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ ադրբեջանցի զինծառայողների կրակոցների մասին: