Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպմանը նախօրեին Երևանում հետևում էր նաև Թուրքիայի Սպորտի և երիտասարդության նախարար Մեհմեթ Քասափօղլուն։
2008-ին Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, այնուհետև արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան այցից հետո, սա, փաստորեն, թուրք ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Երևան։
Քասափօղլուի հետ «Հանրապետական» մարզադաշտում խաղին հետևում էին նրա հայ գործընկեր Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստանի ընտրանու նկատմամբ 2-1 հաշվով տարած հաղթանակից հետո թուրք նախարարը թվիթերյան իր միկրոբլոգում շնորհավորել է թիմին։ Սոցցանցում հրապարակում է արել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը՝ գրելով՝ սպորտը պետք է միավորի ժողովուրդներին, հաշտեցնի ազգերին և ծառայի խաղաղության գործին։
Խաղի վերաբերյալ թուրքական մամուլը հիմնականում պատմական ակնարկներ է անում. հիշեցնում են 2008-ին Երևանում ու 2009-ին Բուրսայում կայացած հանդիպումները, այդ երկու խաղերն ավարտվել էին Թուրքիայի 2-0 հաշվով հաղթանակով։
Չնայած կանխատեսումներին, թե Թուրքիայի հավաքականը խաղի բացահայտ ֆավորիտն էր, հանդիպումը հավասար պայքարում անցավ, սա փաստում է նաև վիճակագրությունը։ Երկրպագուներն ընտրանու խաղից գոհ էին մնացել:
Իր սաներից դժգոհ չէր նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, արդյունքի համար ուկրաինացի մասնագետը ներողություն խնդրեց. - «Լավ խաղ ստացվեց, տղաները նվիրված էին, տակտիկական սխալներ եղան, կվերլուծենք: Ինձ անհարմար եմ զգում, որ պարտվեցինք, չգիտեմ ինչ ասեմ»:
«Հայաստանում մեզ շատ լավ դիմավորեցին։ Ես իմ թիմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել», - իր հերթին խաղից հետո ասաց Թուրքիայի ընտրանու գլխավոր մարզիչ Շտեֆան Կունցը։
«Բարդ խաղ էր, մենք էլ շատ սխալներ թույլ տվեցինք, որոնք պետք է գնահատենք, դժվար պայքարում հաղթեցինք, ուրախ ենք», - նշեց Կունցը:
Երևանյան հանդիպմամբ մեկնարկեց եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլը։ Խմբի մյուս խաղում Խորվաթիան ու Ուելսը ոչ ոքի խաղացին։ Նույն խմբում է նաև Լատվիան։ Առջևում դեռ 7 հանդիպում կա։ Հայաստանում ՈւԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանը կարծում է՝ այս խաղով արդյունքը երկար սպասեցնել չի տա:
«Տղաները պայքարեցին, իրոք, խաղն այնպիսին էր, ինչպիսին կցանկանայինք բոլորս տեսնել, թիմը կռվեց դաշտում: Այո, ցավոք սրտի, պարտություն կրեցինք, բայց եթե նայենք թե ինչպիսի գոլեր ենք բաց թողել, ապա կհասկանանք, որ բավականին հավասար էր ամեն ինչ և նժարը կարող էր թեքվել ցանկացած կողմ», - ասաց Խուդավերդյանը:
Ֆուտբոլային հանրությանը տպավորված է նաև հավաքականի նորեկների՝ Նաիր Տիկնիզյանի, Գեորգի Հարությունյանի և Հայաստանի քաղաքացիություն ստացած նիգերացի Ուգոչուկվու Իվուի խաղով։
Եվրոպայի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը հունիսին է, ընտրանին կհյուրընկալվի Ուելսին։ Մինչ այդ, վաղը Երևանում թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Կիպրոսի հետ։