Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած ահաբեկչությունների համար դատապարտված Անդերս Բրեյվիկի հետ։
Ղարիբաշվիլին այսկերպ արձագանքել է Նորվեգիայի կողմից Սաակաշվիլիին մրցանակ շնորհելուն։ Սյուր Լինդբրեկեի անվան մրցանակին Վրաստանի բանտարկված նախկին առաջնորդն արժանացել է մարդու իրավունքների, քաղաքական և տնտեսական ազատությունների և ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար։
Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլիին մրցանակ շնորհելը ծաղր է վրաց ժողովրդի նկատմամբ: «Սա մոտավորապես նույնն է, ինչ մրցանակը տրվի Բրեյվիկին, ով բազմաթիվ մարդկանց է սպանել: Սաակաշվիլին հարյուրավոր երիտասարդների է սպանել», - պնդել է Վրաստանի վարչապետը:
Լրագրողի այն հարցին, թե ունի՞ արդյոք կառավարության ղեկավարն ասվածի ապացույցներ, և ինչո՞ւ սպանությունների փաստերով Սաակաշվիլիի դեմ քրեական գործեր չեն հարուցվել, Ղարիբաշվիլին արձագանքել է, որ նախկին նախագահն ազատազրկման է դատապարտված Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով։
Վրաստանի երրորդ նախագահը մեղավոր է ճանաչվել վրաց բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիի դատարանը Սաակաշվիլիին հեռակա կարգով դատապարտեց երեք տարվա ազատազրկման