Ստեփանակերտը պատրաստ է հումանիտար հարցերի քննարկման համար հերթական անգամ հանդիպել ադրբեջանական կողմի հետ, այսօր կազմակերպված տեսակամուրջի ընթացքում հայտարարեց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։ Արցախցի բարձրաստիճան պաշտոնյան միևնույն ժամանակ վերահաստատեց՝ Բաքվի հետ լիարժեք բանակցությունները հնարավոր են միջազգային ձևաչափում՝ առանց հստակեցնելու կոնկրետ մեխանիզմը։
«Կարևորագույն բաղադրիչը նման գործընթացի պետք է լինի ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ», - ասաց Ղազարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ԱԺ խմբակցություններն անընդունելի են համարում Բաքվի հետ ուղիղ բանակցությունները եղած իրավիճակումԱնցած մեկ ամսում Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչների միջև երկու հանդիպում է տեղի ունեցել, առաջինը՝ փետրվարին, երկրորդն էլ՝ մարտի սկզբին։ Մարտի 13-ին Ադրբեջանի իշխանություններն արդեն Արցախի ներկայացուցիչներին հրավիրեցին Բաքու, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ՝ «վերաինտեգրման, ինչպես նաև Ղարաբաղում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցը քննարկելու»։
Պաշտոնական Ստեփանակերտը մերժում է այս առաջարկն ու նաև բացառում արցախցիների, այսպես կոչված, վերաինտեգրացիան Ադրբեջանի կազմում։
«Հիմնավորումները հայկական կողմի այնքան շատ են, որ յուրաքանչյուրի համար էլ, այդ թվում՝ մեր միջազգային գործընկերների համար էլ շատ պարզ տեսանելի ու հասկանալի է, որ չի կարող համատեղում լինել արցախահայության և Ադրբեջանի», - ասաց արտգործնախարար Ղազարյանը:
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ նշեց. - «Արցախում ապրող արցախցիները, արցախահայերը և ադրբեջանցիներն ապրել են որոշակի ժամանակահատված, բայց նրանք երբեք միմյանց ինտեգրված չեն եղել, որովհետև այդ ամբողջ ժամանակահատվածում արցախահայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից, ազգային պատկանելությամբ պայմանավորված և այդ հողի վրա, տեղի են ունեցել բազմաթիվ հանցագործություններ»:
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս «ինտեգրացիայի» իր մոդելը. Նիկոլ Փաշինյան
Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բաքվի՝ վերաինեգրացիայի վերաբերյալ հայտարարություններին։ Վարչապետը հայտարարեց՝ ինչի մասին ահազանգում էր Երևանն, արդեն իրականություն է:
Ըստ Փաշինյանի, Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ վարչապետի ձևակերպմամբ՝ «ինտեգրացիայի» իր մոդելը. - «Սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը, միաձայն մերժեց ԱդրբեջանինըԱրցախցիներին իր կազմում լավ ապագա խոստացող Ադրբեջանն արդեն ավելի քան 3 ամիս է՝ շրջափակված է պահում Արցախը, չկատարելով նաև Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ արդարադատության դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը։
Մինչ այդ Արցախում հին խնդիրներին նորերն են ավելանում։ Առողջապահական, կրթական, տնտեսական, կրթական, էներգետիկ ոլորտներում տեսանելի են հետևանքները։
Նորանշանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ասաց, որ միայն տեղական հարկային եկամուտներն այս ընթացքում կրճատվել են 70 տոկոսով, հազարավոր արցախցիներ գործազուրկ են դարձել, պարենի պաշարները գրեթե սպառման եզրին են, և եթե չլիներ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների աջակցությանը Արցախում վաղուց արդեն աղետալի վիճակ կլիներ: