Մոլդովան որոշել է ԱՊՀ գործադիր մարմիններից ետ կանչել իր ներկայացուցիչ Տեոդոր Յովային:
Նա զբաղեցրել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի փոխտնօրենի և տնտեսական համագործակցության վարչության ղեկավարի պաշտոնը: Յովային ետ կանչելու որոշումն ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլի 14-ին:
Մոլդովայի եվրոպական ինտեգրման և արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն կառավարության նիստում ասել է, թե որոշումն ընդունվել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի տեղակալների նշանակման օրենքի քվոտաների տրամադրման դրույթին համաձայն:
Փետրվարի սկզբին Մոլդովայի խորհրդարանը ետ է կանչել իր ներկայացուցչին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարությունից:
Պոպեսկուն փետրվարին ասել է, որ Մոլդովան սկսում է դուրս գալ ԱՊՀ մի քանի տասնյակ համաձայնություններից: Այսօրվա դրությամբ կան մոտ 330 համաձայնագրեր, որոնցից շատերն, ըստ Մոլդովայի արտաքին գերատեսչության ղեկավարի, հարկ է վերանայել:
«Մեր նպատակներին հակասող ԱՊՀ համաձայնագրերից դուրս գալու գործընթացը կշարունակվի»,- ասել է Պոպեսկուն:
Ենթադրվում է, որ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո Մոլդովան վերջնական որոշում կընդունի ԱՊՀ-ում մնալու նպատակահարմարության կապակցությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոլդովան սկսում է ԱՊՀ շրջանակներում տասնյակ համաձայնագրերի չեղարկման գործընթաց