Արցախի ԱԳՆ. Ադրբեջանը բացահայտ ցույց է տալիս, որ մերժում է բանակցությունները

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները՝ որպես որևէ խնդրի լուծում գտնելու միջոց, հայտարարում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը:

Ընդգծելով, որ արդեն 100 օր է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, Արցախի ԱԳՆ-ն նշում է, որ Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն:

100 օր է՝ արցախցիները ապրում են ադրբեջանական շրջափակման մեջ՝ կյանքի տարրական իրավունքներից զրկված։ Մեկ ամիս է՝ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտավորեցնում է բացել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Հարկ է նշել, որ արդեն մի քանի տասնամյակ Ադրբեջանը ձգտում է ազատվել Արցախի ժողովրդից և ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհը դարձան, մասնավորապես, խորհրդային տարիներին Ադրբեջանում ապրող հայերը։ 1988-1990 թթ. տեղի իշխանությունների կողմից կազմակերպված Ադրբեջանից հայերի զանգվածային տեղահանումները, որոնք ուղեկցվում էին կոտորածներով, խոշտանգումներով և ջարդերով, նախանշեցին Ադրբեջանի հայահալած քաղաքականության նոր փուլի սկիզբը։ Արդեն 1991 թվականին Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հայերի տեղահանություններն Արցախից, որը տարբեր դրսևորումներով շարունակվում է առ այսօր», - նշված է հաղորդագրությունում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունն ընդգծում է, որ Արցախի դեմ սանձազերծված բոլոր երեք պատերազմներն ուղեկցվել են մարդու իրավունքների զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով, այդ թվում՝ խաղաղ բնակչության կանխամտածված սպանություններով, ռազմագերիների և խաղաղ բնակիչների արտադատական մահապատիժներով և խոշտանգումներով, ոչ ընտրողական բնույթի հարձակումներով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինաամթերքի կիրառմամբ, կենսական նշանակության քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմամբ։

«Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների համատարած և սիստեմատիկ խախտումները, այդ թվում՝ զանգվածային սպանությունները, տեղահանությունները, խոշտանգումները և այլ անմարդկային արարքները, ոչ միայն խրախուսվում, այլ նաև ուղղորդվում են պետական մակարդակով։ Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում Արցախի նկատմամբ էթնիկ զտում և ցեղասպանություն իրականացնելու իրենց հանցավոր նպատակները: Այդ մասին են վկայում Ադրբեջանի նախագահի բազմաթիվ հանրային հայտարարությունները: Վերջին նման հայտարարությունը նա արել է 2023 թվականի մարտի 18-ին՝ 44-օրյա ագրեսիայի ընթացքում օկուպացված հայկական Թալիշ գյուղ կատարած ցուցադրական և սադրիչ այցի ժամանակ, որի ողջ բնակչությունը ենթարկվել է բռնի տեղահանման», - նշված է հայտարարությունում:

Անդրադառնալով Թալիշում Իլհամ Ալիևի արած հայտարարությանը՝ պաշտոնական Ստեփանակերտը նշում է, որ «Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից արված ագրեսիվ և ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն ծրագրում է օկուպացված Թալիշ գյուղում իրականացրած սցենարը կիրառել Արցախի ողջ տարածքում»:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 18-ին ներկայացրել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի Բաքվի պայմանը՝ Ղարաբաղը պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի մաս:

«Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ տարածքում՝ կա մի պայման․ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղը Ադրբեջանի մաս, մեր պայմանների հիմքով կատարեն սահմանագծման աշխատանքները», - ասել է Ալիևը, հավելելով, թե միայն այս դեպքում նրանք, այսինքն՝ հայերը, կարող են հանգիստ ապրել 29 հազար քառակուսի կմ տարածքում, ինչպես արդեն դա ցանկանում են։

ԱԳՆ-ն հավելում է, որ 2020 թվականի ագրեսիայից հետո Ադրբեջանի իշխանություններն ընդհանրապես հրաժարվում են խաղաղ բանակցություններից՝ Արցախի ժողովրդի կյանքի և իրավունքների հարցը որակելով որպես իրենց ներքին գործը։

«Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականությունը վկայում է միջազգային հանրության կողմից Արցախի կարգավիճակի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման վերաբերյալ մոտեցումների վերանայման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ պետական մակարդակով իրականացվող հանցագործությունների մասշտաբն ու ծանրությունը և շարունակվող ցեղասպան քաղաքականությունը պահանջում են միջազգային հանրության, այդ թվում՝ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու մարմինների կողմից վճռական և անհետաձգելի միջոցների ձեռնարկում», - ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարը նշել է, որ «Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքի համընդհանուր ճանաչումն ամենաարդյունավետ միջոցն է, որով միջազգային հանրությունը կարող է երաշխավորել Արցախում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»։