Չինաստանն ակտիվ ջանքեր է գործադրում ռուս-ուկրաինական խաղաղության բանակցությունների համար․ Սի Ծինպին

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Մոսկվա այցի նախօրեին հոդված է գրել ռուսական լրատվամիջոցների համար, որտեղ խոսել է ռուս-չինական հարաբերությունների մասին և առանձին անդրադարձել Ուկրաինայի պատերազմին։

Ավելի վաղ չինական լրատվամիջոցները հրապարակել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոդվածը։

Սի Ծինպինն ասել է, որ Չինաստանը օբյեկտիվ և անկողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում հակամարտության նկատմամբ, ինչպես նաև ակտիվ ջանքեր է գործադրում խաղաղության բանակցությունների համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեկնարկում է Չինաստանի առաջնորդի եռօրյա այցը Ռուսաստան

«Խոսքը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պահպանելու անհրաժեշտության մասին է, հարգելու բոլոր պետությունների անվտանգության օրինական մտահոգությունները, աջակցելու ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին և ապահովելու համաշխարհային արտադրության և մատակարարման շղթաների կայունությունը»,- գրել է նա։

Սի Ծինպինը հիշեցրել է նաև կարգավորման իր 12 կետից բաղկացած ծրագիրի մասին, որը հրապարակվել է Ուկրաինա ռուսական ներխուժման տարելիցի օրը։ Արևմուտքում այս ծրագրի նպատակներն անիրատեսական են անվանել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չինաստանը հրապարակեց «Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու» իր դիրքորոշումը