ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այսօր Ջերմուկում է եղել։ Իմանգալի Տասմագամբետովը չորս ամիս է, ինչ այս պաշտոնին է։ Զինվորականաները նրան ուղեկցել են այն վայրերը, որոնք Ադրբեջանը ռմբակոծել էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ։ Վնասվել էին տներ, հյուրանոցներ, գազատար խողովակներ։ Տուրիստական քաղաք տանող ճանապարհն էլ էր արկակոծվել։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հետո հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Պապիկյանը խոսել է ռազմաքաղաքական դաշինքի պաշտպանության մեխանիզմների գործարկման խնդիրներից ու ներկայացրել Հայաստանի ակնալիքները դաշնակից կառույցից։
Այս ռազմաքաղաքական դաշինքը հատկապես սեպտեմբերյան մարտերից հետո վարչապետ Փաշինյանի ու նրա թիմակիցների քննադատության թիրախում է, որ հասցեական գնահատական չի տալիս Ադրբեջանին Հայաստանի տարածք ներխուժելու համար։ Օրերս էլ Երևանը հրաժարվեց կառույցում գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնից։
«Մենք նման քայլն անելը իմաստ չենք տեսնում առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից», - ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի դժգոհությունների, Փաշինյանի հայտարարությունների ֆոնին ի՞նչ կարող է նշանակել բարձրաստիճան պաշտոնյայի այցը։
Ռազմական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի կարծիքով՝ այցը ոչինչ չի կարող փոխել Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում։ Հնարավորություն է մտահոգություններին տեղում ծանոթանալու։
«Բայց ինչպիսի դրական մեսիջ կարող է նոր գլխավոր քարտուղարը փոխանցել Հայաստանին, այդ առումով լավատես չեմ կարող լինել, որովհետև կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի վերաբերմունքի խնդիրը Հայաստանի խնդիրների վերաբերյալ շատ ավելի խորքային ու համակարգային բնույթ է կրում, և միայն մեկ՝ այպիսի գլխավոր քարտուղարի փոփոխությունը և գլխավոր քարտուղարի այցը որևէ հարց փոխել չի կարող», - ասաց նա։
Հայաստանը հրաժարվել է նաև, որ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի այստեղ անցկացվեն։ Երևանը ՀԱՊԿ-ից դեռ հստակ գնահատականներ է սպասում, թե որն է դաշինքի պատասխանատվության գոտին այս տարածաշրջանում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը երկօրյա այցով է Հայաստանում։ Նա հանդիպելու է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, այլ հանդիպումներ էլ կլինեն, հայտնում են արտաքին գերատեսչությունից։