Եվրախորհրդանում նախօրեին քննարկվել են Եվրամիություն-Հայաստան և Եվրամիություն-Ադրբեջան հարաբերությունները։ Քննարկումը ընդհանուր մեկ ժամ է տևել, յուրաքանչյուրին կես ժամ է հատկացվել։ Օրակարգում որևէ փաստաթղթի՝ հայտարարության կամ բանաձևի ընդունում երեկ նախատեսված չէր։
Հայաստանի հարցով զեկուցող Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) անդամ, Բուլղարիայից պատգամավոր Անդրեյ Կովաչևը, բացելով քննարկումը, հայտնել է, որ զեկույցի նախագիծ է պատրաստել, որը քվեարկության կդրվի Եվրախորհրդարանի լիագումար նիստում։
Նա ասել է, որ զեկույցի նախագծում ընդգրկված է նաև Լաչինի ճանապարհի հարցը, այն արտահայտելու է Հայաստանի հետ կենսական կապի շրջափակման հետևանքով Ղարաբաղում խորացող ճգնաժամը։
«Ես Ադրբեջանին հորդորում եմ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները ապահովելու մարդկանց և բեռնափոխադրումների երկու ուղղություններով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասել է նա, նշելով, որ անցած փետրվարին այդ մասին որոշում է ընդունել Արդարադատության միջազգային դատարանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանին ուղղված Եվրամիության կոչը նշանակում է՝ հարցը կառույցի քաղաքական օրակարգ է մտել. Արա ՂազարյանԵվրախորհրդարանի քննարկումներում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարությանը։
«Մենք չենք կարող Ռուսաստանը դիտարկել որպես արդար միջամտող, այլ միայն որպես ռեժիմ, որը ցանկանում է որքան հնարավոր է երկար պահել և խորացնել Հայաստանի կախվածությունը իրենից։ Զեկույցում մենք Հայաստանին կոչ ենք անում դիվերսիֆիկացնել իր անվտանգային գործընկերությունը։ Պուտինի ռեժիմը ցույց տվեց, որ չի կարող հավատարիմ գործընկեր լինել»,-հայտարարել է Անդրեյ Կովաչևը։
Նա ողջունել է Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում և Եվրամիության ներգրավվածությունը լիարժեքորեն օգտագործելու նպատակով Ադրբեջանին հորդորել է թույլատրել Եվրամիության առաքելության մուտքը նաև իր սահմանից ներս։
Հայաստանի հարցով զեկուցողը, ԵԺԿ-ից պատգամավորն ընդգծել է, որ միջազգային երաշխիքները երկու երկրների միջև վստահության կառուցման կարևոր քայլ, առանցքային տարր կլինի Ղարաբաղում ապրող հայերի ապագայի համար։
Գերմանիայից պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը ասել է, որ հայերը հիանալի հասկանում են, որ Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ը ծառայում է միայն Ռուսաստանին։
«Պուտինը հետաքրքրված չէ, որ Կովկասում խաղաղություն լինի։ Նրա միակ ցանկությունը ռազմական ներկայությունն է Հայաստանում և Ադրբեջանում», - ընդգծել է նա։
Հունգարացի իրավաբան և դիվանագետ, հարևանության և ընդլայնման հարցերով Հունգարիայի հանձնակատար Օլիվեր Վարհելյը ասել է, որ մարտի 5-ին տեղի ունեցած մահաբեր միջադեպը ցույց տվեց, որ տարածաշրջանում իրավիճակը փխրուն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ես շատ հստակ ուղերձ եմ հղում Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ այսօր անհապաղ դադարեցնել շրջափակումը». ՌասմուսենՍլովակիայից պատգամավոր Ռոբերտ Հայշլը հիշեցրել է. - «Մի քանի անգամ մենք դատապարտել ենք Ադրբեջանի լյնածավալ ագրեսիան հայ ժողովրդի դեմ»։
Նա հակամարտ երկու կողմերին, հատկապես Ադրբեջանին կոչ է արել հարգել տարածքային ամբողջականության սկզբունքը և կողմերին կոչ է արել առանց ձգձգելու գնալ բանակցությունների՝ կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Նա ողջունել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը և նշել․ - «Հուսով եմ՝ Եվրամիությունը, այլ ոչ թե Թուրքիան, Ռուսաստանը կամ Իրանը գալիք տարիներին ավելի ակտիվ դեր կխաղա տարածաշրջանում, և մենք կարող ենք շարունակել խորացնել մեր կառուցողական համագործակցությունը»։