Ռուսաստանի նախագահն այսօր Ուլան Ուդեի ավիացիոն գործարանում հայտարարել է, թե Ուկրաինայի դեմ պատերազմը ռուսական պետության գոյատևման համար է։
«Ռուսաստանը պետք է համախմբվածություն և սառնասրտություն դրսևորի՝ հաղթանակի հասնելու համար։ Եթե Արևմուտքի համար Ուկրաինայի հետ կապված իրավիճակում խոսքը աշխարհաքաղաքական վիճակի բարելավման մասին է, ապա Ռուսաստանի համար դա պայքար է պետականության գոյատևման համար», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Ընդ որում, Պուտինը կրկին շեշտել է, թե պատերազմն ու աննախադեպ պատժամիջոցները չեն վնասել Ռուսաստանին, հակառակը, նրա խոսքով՝ երկիրը դարձել է ավելի ուժեղ և ինքնիշխան։
Ավելի քան մեկ տարի շարունակվող պատերազմից, հազարավոր զոհերից ու խաղաղ մարդկանց սպանություններից հետո Կրեմլի խոսնակն իր հերթին ակնարկել է, որ Մոսկվան կանգ առնելու մտադրություն չունի։
«Ուկրաինայում Ռուսաստանի նպատակների իրագործումը հնարավոր է միայն ռազմական ճանապարհով», - ասել է Դմիտրի Պեսկովը։ - «Մոսկվայի բոլոր պահանջները քաջ հայտնի են, հայտնի են նաև ներկայիս փաստացի իրավիճակը և նոր իրողությունները: Անցում դեպի խաղաղություն հնարավոր չէ առանց դրա հաշվի առնելու։ Մենք պետք է հասնենք մեր նպատակներին։ Այժմ դա հնարավոր է միայն ռազմական ճանապարհով՝ հաշվի առնելով Կիևի ռեժիմի ներկայիս դիրքորոշումը։ Այստեղ ոչինչ չի փոխվել»։
Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների դերը, որոնք փորձում են նպաստել հակամարտության կարգավորմանը խաղաղ բանակցություններով։ Սակայն այժմ դա հնարավոր չէ, ընդգծել է Պուտինի խոսնակը։
ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է ավելի քան 8000 խաղաղ բնակիչ, այդ թվում 494 երախա։ Ընդ որում, ՄԱԿ-ը շեշտում է, թե իրական թվերը շատ ավելին են, քանի որ այն շրջաններից, որտեղ ընթանում են ակտիվ ռազմական գործողություններ, տեղեկություն ստանալը բարդ է։
Այսօր ռուսական ուժերը ռմբակոծել են Կրամատորսկ քաղաքը, կան զոհեր և ավերվածություններ։
Ռազմական իրավիճակը շարունակում է մնալ «շատ ցավալի», ընդգծել է նախագահ Զելենսկին. - «Իրավիճակն արևելքում շատ ծանր է, շատ ցավալի: Մենք պետք է ոչնչացնենք թշնամու ռազմական հզորությունը, և մենք դա կանենք Բիլոհորիվկայում և Մարինկայում, Ավդիիվկայում և Բախմուտում, և բոլոր մյուս վայրերում, որտեղ մեր ապագան է որոշվում, որտեղ պայքարում են մեր ապագայի, բոլոր ուկրաինացիների ապագայի համար»:
Զելենսկու ելույթից հետո ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընեկրությունը լուսանկարներ է տարածել, որտեղ երևում է, որ խմբավորման զինյալները հասել են Բախմուտի կենտրոնից մոտ երկու կիլոմետր հեռու գտնվող «Վոստոկմաշ» ձեռնարկության արտադրամասի մոտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները կատաղի հարձակվում են Բախմուտի ուղղությամբ, ուկրաինացիները՝ կատաղի դիմադրումՉնայած դրան, Զելենսկու գրասենյակից այսօր հայտնել են, որ Ուկրաինան կշարունակի պահել Բախմուտը։ Ուկրաինայի նախագահն այսօր այդ հարցով խորհրդակցություն է անցկացրել Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հետ, ապա հայտարարություն է տարածել, որում ասվում է․ - «Դիտարկելով Բախմուտի ուղղությամբ պաշտպանական գործողության ընթացքը՝ շտաբի բոլոր անդամները միասնական դիրքորոշում են հայտնել Բախմուտ քաղաքի հետագա պահպանման և պաշտպանության վերաբերյալ»։
Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, թե, անկախ ռազմական իրավիճակից Դոնբասում, առաջիկա ամիսներին ուկրաինական բանակը հակահարձակման կանցնի։ Washington Post-ը սակայն գրել է, թե Կիևում որոշ պաշտոնյաներ սկսել են կասկածել, որ Ուկրաինայի զինված ուժերը կորուստների պատճառով կկարողանան գարնանային հակահարձակում իրականացնել։
Արևտմյան պաշտոնյաների տվյալներով, պատերազմի ընթացքում մինչև 120 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել կամ վիրավորվել։ Կիևը պաշտոնապես իր կորուստները չի հրապարակում։ Ըստ նույն գնահատականի, ռուսական կորուստներն ավելի մեծ են՝ մոտ 200 հազար սպանված ու վիրավոր։
Անցած շաբաթավերջին Կիևը հակահարձակման ժամկետներն էր առաջին անգամ հայտարարել ՝ երկու ամսից, երբ Ուկրաինա կհասնի արևմտյան նոր սպառազինությունն ամբողջությամբ և երբ բանակը պատարստ լինի՝ վստահեցնելով, որ ուկրաինական ուժերն այսօր աշխատում են այդ ծրագրի ուղղությամբ։