Խորհրդարանական ընդդիմությունը հակադարձում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ երկրի ղեկին գտնվող մարդը ոչ թե անվտանգային կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում, այլ զբաղված է զուտ հասարակությանը տեղեկություն տալով։
Այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ թե Հայաստանի սահմանի երկայնքով, թե Լեռնային Ղարաբաղում շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը՝ հղում անելով Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանությանը, նաև որոշակի տվյալների։ Թե այդ ինչ տվյալների մասին է խոսում, Փաշինյանը չպարզաբանեց։
Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմը «Ղարաբաղ զինված ուժեր ու զենք է տեղափոխում»՝ սպառնալով «վճռական գործողություններով»։ Երևանը այդ պնդումները հերքում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռազմական տեխնիկա ԼՂ տարածքում չկա․ Երևանը հերքում է Բաքվի պնդումըԴրան գումարած վերջին շրջանում Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն ու Ադրբեջանը միմյանց դիրքերի ուղղությամբ կրակելու մեղադրանքներ են փոխանակում։
Փորձագետները կարծում են՝ հենց այս հայտարարություններով Բաքուն ռազմական նոր հարձակման համար հող է նախապատրաստում։
Իսկ ի՞նչ զսպման մեխանիզմներ կան, այդ համատեքստում վարչապետը խոսեց արդեն մի քանի ամիս հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ԵՄ դիտորդներից, Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու անհրաժեշտությունից։
«Էսկալացիայի հավանականությունը, այո, համարում եմ մեծ, բայց շատ կարևոր եմ համարում, որ մենք կարողանանք ապացուցելի դարձնել, որ այդ էսկալացիայի հեղինակը մենք չենք: Հայաստանի սահմանի երկայնքով մենք այդ խնդիրը լուծել ենք, Լեռնային Ղարաբաղում նույնպես այդ գործիքը կա, և հույս ունեմ, որ այդ մեխանիզմը պատշաճ կաշխատի, խոսքը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի և նրանց կողմից հրապարակվող փաստերի մասին է», - նշեց նա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը․ վարչապետ (լրացված)Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ լավ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե իրավիճակն արձանագրեր, որին արդեն տևական ժամանակ փորձագետներն անդրադառնում են, այլ ասեր՝ ինչու ստեղծվեց նման վիճակ։ Ադրբեջանի ախորժակը, ըստ պատգամավորի, հնարավոր էր մեղմել, եթե Փաշինյանի իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային համակարգը, Զինված ուժերը բերեր այնպիսի մակարդակի, որի պայմաններում Ադրբեջանը գործողություններ ծավալելուց առաջ կմտածեր:
«Ինչո՞ւ չի հաջողվել և արտաքին ճակատում, և անվտանգության համակարգում ստեղծել մի կողմից միջազգային, մյուս կողմից անվտանգային երաշխիքներ Ադրբեջանի հնարավոր հարձակումը կանխելու համար: Մեր հասարակությունը 44-օրյա պատերազմից հետո տեսել է երեք հարձակում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, երեքի դեպքում որոշակի վերապահումներով տեսել է անպատրաստ վիճակ, հարյուրավոր մարդկային զոհեր, հեկտարներով տարածքային հսկայական կորուստներ, այսինքն՝ զսպիչ, կանխարգելիչ որևէ մեխանիզմ, որը ունակ էր Հայաստանը ստեղծելու, փաստացի չի ստեղծվել», - «Ազատության» հետ զրույցում նշեց պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմն օրերս Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի հայկական առաջարկների արձագանքը. վարչապետ«Հայաստան» խմբակցությունից «Դաշնակցության» ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը ևս կարծում է՝ անվտանգային, պաշտպանական համակարգը արմատապես փոխելու փոխարեն՝ Փաշինյանի իշխանությունը պատերազմից հետո առարկայական քայլեր չի ձեռնարկել, ինչպես ասաց, միայն սեփական PR-ն է արել։ Բացի այդ, պատգամավորն ասում է. - «Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության միջազգային անվտանգային մեխանիզմներ մշակելու փոխարեն՝ համաշխարհային գլոբալ հակամարտությունները տեղափոխում է Հայաստանի Հանրապետության տարածք՝ էլ ավելի վտանգելով մեր ժողովրդի անվտանգությունը: Նրա հիմնավորմամբ եվրոպացի դիտորդներին հրավիրվել է, որպեսզի վերահսկեն Հայաստանի և ռուսական զորախմբի գործողությունները, որպեսզի վստահեցնեն Ադրբեջանին, որ Հայաստանը Ռուսաստանի հետ որևէ ռազմական գործողություն չի պատրաստում Ադրբեջանի դեմ»:
44-օրյա պատերազմից երկուսուկես տարի է անցել: Վարչապետ Փաշինյանն այսօր իր ասուլիսի նախաբանում խոստովանեց՝ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։