Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 43-ի

Հիվանդներից 17-ը հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը, Առողջապահական նախարարության փոխանցմամբ, միջին ծանրության է գնահատվում, 2-ինը՝ ծանր։ 43 վարակվածներից 40-ը պատվաստված չի եղել։

Անահիտ Ավանեսյան

Չնայած հաստատված դեպքերի աճին, Առողջապահության նախարարը վստահեցնում է՝ լոկալ բռնկման շրջանակից վարակը դուրս չի եկել. - «Լոկալ բռնկման շրջանակից դուրս չենք էկել, բայց շաբաթվա վերջին ավելի տենդենցի վերաբերյալ կունենանք հստակ պատկերացում»։

«Մեծամասնությունը երեխաներ են վարակվածների, և ունենք քաղաքացիներ, ովքեր որ առաջին դեղաչափը ստացել են, բայց վարակված են, նրանց վիճակը բավական լավ է», - հավելեց Անահիտ Ավանեսյանը։

Կարմրուկը կանխարգելելու միակ տարբերակը պատվաստումն է։ Առաջինը դեղաչափը երեխան ստանում է մեկ տարեկանում, երկրորդը՝ 4-6-ում։ Սա բավական է ողջ կյանքի համար։ 18 տարեկանից բարձր քաղաքացիները նույնպես կարող են պատվաստվել, հատկապես, եթե չեն հիշում՝ վաղ տարիքում վարակվել կամ պատվաստվել են, թե ոչ։

Խիստ վարակիչ այս վիրուսի դեմ պատվաստվածության շեմը Հայաստանում բարձր է՝ 95 տոկոս։ Մյուսներին ևս մասնագետները հորդորում են պատվաստվել։

Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

Ինֆեկցիոն հիվանդանոցի ազգային կենտրոնի բժիշկ Էլմիրա Իսախանյանը բացատրում է, որ համաճարակային պայմաններում պատվաստվելու ժամկետը կարող է փոխվել, օրինակ՝ առաջին դեղաչափից հետո երեխան երկրորդը ստանա ոչ թե 6 տարեկանում, այլ ավելի վաղ ։ Նույնը նաև մեծահասակների է վերաբերում. - «Այսինքն՝ երեք տարեկան երեխան կարող է գնալ էքստրա պատվաստման, չսպասի վեցին։ Կամ քսանհինգ տարեկան մեծահասակը, որը վեց տարեկանում ա ստացել, գնա մի հատ էլ պատվաստվի»։

Հիվանդությունից ամենալուրջ խնդիրները սովորաբար ունենում են մինչև 5 տարեկան երեխաներն ու 20-ից բարձր մեծահասակները։ Բայց չափահասներ, բժշկի խոսքով, ավելի ծանր են տանում. - «Միշտ էլ էդպես է եղել։ Մանկական ինֆեկցիաները մեծահասակների մոտ ավելի ծանր են ընթանում։ Էս պարագայում թոքաբորբերը վատ են ընթանում մեծահասակների մոտ՝ հևոցով, դժվարաշնչության, թոքաբորբի բավականին մեծ ծավալով, անգամ թթվածաթերապիայի կարիք ենք ունենում»։

Հնարավոր բարդություններից են նաև ականջի վարակները, բրոնխիտը, ձայնային հանգույցների, շնչուղիների բորբոքումը և այլն։

Հայաստանում կարմրուկի վերջին խոշոր բռնկումն արձանագրվել է 2015 թվականին, երբ վարակվել էր 33 մարդ։