Թբիլիսիում երեկ երեկոյան ցուցարարները շրջափակել էին խորհրդարանի շենքը, ջարդել պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ նետել շենքի ուղղությամբ:
Ոստիկանական ուժերը, ինչպես նախորդ անգամ, ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, ջրցան մեքենա, հատուկ միջոցներ: Ցուցարարները պարեկային ծառայության ավտոմեքենա են շրջել:
Կեսգիշերի սահմաններում հատուկ ջոկատայինները ցրել են ցուցարարներին, ազատել խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը, դիմացի հրապարակը և Ռուսթավելի պողոտայի այդ հատվածը:
Վրացական լրատվամիջոցներն այդ ժամերին հաղորդում էին, որ ոստիկանները զանգվածաբար բերման են ենթարկում մարդկանց, փողոցներում հետապնդում են ցուցարարներին, նրանց վրա գազային նռնակներ արձակում:
Ցուցարարների մի մասը ապաստան էր գտել Կաշվեթիի եկեղեցում, որտեղ տուժածներին առաջին օգնություն է ցուցաբերվել:
Վրաստանի խորհրդարանում մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվում են:
Տե՛ս նաև այստեղ