Շրջափակման մեջ գտնվող Արցախում կրկին ազատումներ են եղել։ Նախագահը հրամանագրեր է ստորագրել մի շարք անձանց պաշտոնից ազատելու մասին։
Այսպես, Հրանտ Սաֆարյանն ազատվել է գյուղատնտեսության, Արմեն Մանգասարյանը՝ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոններից: Նրանց կփոխարինեն համապատասխանաբար՝ Գեորգի Հայրիյանը, Վահրամ Առաքելյանը։
Արամ Սարգսյանը, որ շուրջ երկու ամիս առաջ էր նշանակվել քաղաքաշինության նախարար, այլևս չի ղեկավարի գերատեսչությունը, նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին:
Արայիկ Հարությունյանի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Մոտ մեկ շաբաթ առաջ նորանշանակ պետնախարարին ներկայացնելիս Արայիկ Հարությունյանը նշել էր, որ նա ունենալու է լիազորությունների լայն շրջանակ, նրա համակարգման տակ են գործելու բոլոր նախարարությունները՝ բացառությամբ արտաքին, պաշտպանության ու ներքին գործերի նախարարությունների, իր համակարգման ոլորտներում ունենալու է կադրային քաղաքականությունը մշակելու և վարելու ազատություն։ Գուրգեն Ներսիսյանին է փոխանցվելու նաև Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահությունը։
Արցախի կառավարությունում պաշտոնանկություններ էին նաև նոյեմբերի վերջին։ Նախարարի պաշտոններից ազատվել էին այդ ժամանակ պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ գտնվող ոլորտների բոլոր պատասխանատուները՝ 11 նախարարություններից 9-ի ղեկավարները։