Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Երևանում գտնվող Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։
Երկու համանախագահների հետ էլ ԱԽ քարտուղարը քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը:
Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Ռոքֆոյն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:
Փետրվարի 22-ին Հաագայի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է հարկադիր կատարման, սակայն դատարանի որոշումից գրեթե երկու շաբաթ անց էլ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։
«Անհրաժեշտ է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայությունը»
Գրիգորյանը Ռոքֆոյի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։
Ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը ևս ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:
Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։ Հայակական ու ադրբեջանական կողմերը հայտնել են զոհերի ու վիրավորների մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները