Վիրավորված լեյտենանտը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության

Մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը շարունակում է գտնվել Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ նախարարության՝ Հավսեփյանի կյանքին վտանգ չի սպառնում։

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։

Հայկական կողմը հայտնել է երեք զոհի, ադրբեջանականը՝ երկուսի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դիվերսիոն ներթափանցման փորձից հետո տարածքային կորուստ այդ հատվածում չի եղել». ՆԳՆ խոսնակ