ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Արցախում տեղի ունեցած միջադեպի առթիվ

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ստեփանակերտի շրջակայքում «երեկվա մահացու միջադեպի մասին հաղորդումներով», Թվիթերում գրել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերի համար լուծումներ գտնելու հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», - նշել է Կոլոմինան։

Երեկ Ստեփանակերտը հաղորդել էր, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդել էր, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքել է։

Հայկական կողմը հայտնել է երեք զոհի, ադրբեջանականը՝ երկուսի մասին։

Եվրամիությունը ևս ավելի վաղ անդրադարձել էր այս դեպքին՝ կոչ անելով հետաքննել «մահացու միջադեպի հանգամանքները։ ԵՄ ներկայացուցիչը հավելել էր, որ Բրյուսելը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել՝ «կանխելու այնպիսի միջադեպերի ծագումը, որոնք հետագայում կարող են սպառնալ տարածաշրջանային անվտանգությանն ու վտանգել խաղաղ գործընթացը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել. վարչապետ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Դիվերսիոն ներթափանցման փորձից հետո տարածքային կորուստ այդ հատվածում չի եղել». ՆԳՆ խոսնակ