«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել», - ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ֆրանսիացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված հարձակման փաստի նկատմամբ, ինչի հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է:
Ադրբեջանական կողմը հայտնել է երկու զոհի, մեկ վիրավորի մասին։ Ադրբեջանական երեկվա հարձակումը պաշտոնական Երևանը ահաբեկչություն էր որակել, Ստեփանակերտը՝ պատերազմական հանցագործություն: Բաքուն պնդել էր՝ «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում Հայաստանից Արցախ, իրենք փորձել են ստուգել մեքենաները», արդյունքում փոխհրաձգություն է սկսվել։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանի այս անհեթեթ է, չփաստարկված ու անհիմն։
Գրեթե երեք ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններին զուգահեռ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայ բնակչության ահաբեկման գործողությունները՝ էթնիկ զտումներ իրականացնելու վերջնական նպատակով, շեշտել է Նիկոլ Փաշինյանը։
Ըստ կառավարության հաղորդագրության՝ վարչապետն ու ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահը այսօրվա հանդիպմանը կարևորել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը:
Միաժամանակ, վարչապետը հավելել է, որ ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երեկ կատարվածը «էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է» ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի նախագահ. Ադրբեջանը սպառնացել է դիմել կտրուկ քայլերի