Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում կայացած խորհրդակցության ընթացքում հրահանգել է շարունակել Բախմուտի պաշտպանությունը։
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ, խորհրդակցությունը մասնակցել են զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին և զորքերի «Խորտիցա» խմբավորման հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Այս քաղաքը ռուսական կողմը փորձում է գրավել արդեն կես տարի շարունակ։ Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի փորձագետները, վերլուծելով բաց աղբյուրների տվյալները, գրում են, որ անցած շաբաթավերջին ռուսական զորքերը կարողացել են առաջանալ Բախմուտում։
Այսօր Բախմուտի մասին տեսանյութ է հրապարակել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։ Ըստ նրա, եթե «Վագների» զինյալները թողնեն քաղաքը, ապա ռուսները տանուլ կտան պատերազմը. - «Եթե այսօր նահանջենք, ապա պատմության մեջ կմնանք որպես պատերազմում պարտվելու հիմնական քայլն արած մարդիկ»։
Եթե մի քանի օր առաջ Կիևը չէր բացառել նահանջը Բախմուտից, ապա այսօր նախագահ Զելենսկու հետ խորհրդակցությանը մասնակցած Զինված ուժերի գլխավոր հրամանատարն ու «Խորտիցա» զորքերի օպերատիվ-ռազմավարական խմբի հրամանատարը հանդես են եկել քաղաքի պաշտպանությունը շարունակելու օգտին։
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով, ուկրաինական զորքերը կարողացել են Բախմուտում երկու կարևոր կամուրջ ոչնչացնել՝ մեկը քաղաքի հյուսիսարևելյան, մյուսը՝ արևմտյան մասում, որպեսզի կանխվի ռուսական զորքի առաջխաղացումը։ Նշվում է նաև, որ ուկրաինական բանակը սահմանափակ քանակով տակտիկական նահանջ է կատարում Բախմուտում։
«Ազատության» «Նաստոյաշչեյե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում հատուկ նշանակության ջոկատի սպա Տարաս Բերեզովեցը պնդել է, թե Բախմուտում այժմ ստորաբաժանումների պլանային ռոտացիա է տեղի ունենում. - «Սովորաբար մենք չենք մեկնաբանում ընթացքի մեջ գտնվող գործողությունը։ Այս պահին տեղի է ունենում ստորաբաժանումների պլանային ռոտացիա: Կարող եմ ասել, որ քաղաքում իրավիճակը շարունակում է վերահսկել ուկրաինական բանակը: Ի դեպ, թշնամու քարոզչական լրատվամիջոցներից մեկում ցուցադրված տեսանյութը, որը իբր թե նկարահանվել էր Բախմուտի կենտրոնում, իրականում նկարահանվել է քաղաքի հյուսիսային ծայրամասում։ Նրանց պնդումները, թե մարտերը քաղաքի կենտրոնում են, իրականությանը չեն համապատասխանում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոյդ Օսթին․«Բախմուտի կորուստը զուտ խորհրդանշական բնույթ կունենա»Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի համոզմամբ, եթե ռուսական կողմին, այնուամենայնիվ, հաջողվի գրավել քաղաքը, դա միևնույն է շրջադարձային չի լինի ռազմական գործողությունների տեսանկյունից. - «Բախմուտը ավելի շատ խորհրդանշական, քան ռազմավարական կամ գործառնական նշանակություն ունի։ Եթե անգամ ուկրաինացիները ձախողվեն, դա Ռուսաստանի համար լուրջ հաջողություն չի լինի»։
Դեռևս փետրվարի պաշտոնական Կիևը հայտարարել էր, թե անկախ Բախմուտի շուրջ զարգացումներից, ուկրաինական բանակը առաջիկայում անցնելու է հակահարձակման։ Երբ և ճակատի որ հատվածում՝ հայտնի չէ։ Արևմուտքն էլ խոստացել էր օգնել Կիևին այս հարցում, որպեսզի Պուտինը այս պատերազմում չհաղթի։
Անցած հանգստյան օրերին այս մասին կրկին հայտարարել է Գերմանիայի կանցլերը CNN-ին տված հարցազրույցում. - «Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ ցանկացած բանակցություն կսկսվի միայն այն բանից հետո, երբ Պուտինը հասկանա, որ չի կարող հաղթել։ Իմ կարծիքով, անհրաժեշտ է, որ Պուտինը հասկանա, որ պետք է դուրս բերի զորքերը, դա բանակցությունների հիմքն է»։
Արդյո՞ք կլինի գործարք, որը կավարտի պատերազմը, օրինակ, խոստում ռուսներին, որ Ուկրաինան չի փորձի վերադարձնել բռնակցված Ղրիմը։ Այս հարցին Օլաֆ Շոլցը պատասխանել է, որ առանց ուկրաինական կողմի որոշումներ չեն ընդունվի: