Կարմրուկով վարկվածների թիվը հասել է 20-ի, մեկ քաղաքացի դուրս է գրվել, մյուսները հիվանդանոցում են։ Հոսպիտալացվածներից միայն մեկն է թերի պատվաստված (մեկ դեղաչափ), մյուս 19-ը պատվաստված չեն։ Բոլորի վիճակը միջին ծանրության է։
Սրանք առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալներն են։ Նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ, վարակված քաղաքացիներից 15-ը երեխա են, 5-ը մեծահասակ։ Մեծ մասը Երևանից են։
Կարմրուկ ունեցող մեկ քաղաքացի կարող է վարակել մինչև 19 մարդու։ Որպեսզի այս շղթան կոտրվի, նախարարությունը, Ավանեսյանի խոսքով, մի շարք միջոցառումներ է սկսել. - «Վաղ հայտնաբերումը, կոնտակտների շրջանակի հստակ պարզաբանումը, 72 ժամվա ընթացքում կոնտակտավորների պատվաստումը կանխարգելիչ և նրանց մեկուսացումը»։
Նախարարը տեղեկացրեց, որ կարմրուկով վարակված այս քաղաքացիների հետ շփված 400 մարդ արդեն պատվաստվել է։
Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։
Համաճարակաբանության հարցերով առողջապահության նախարարի խորհրդական Նարինա Սարգսյանցը հիշեցնում է, որ սա օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Ըստ նրա, մարդկանց զգոնությունը բթանում է երկար ժամանակ չշրջանառված վիրուսների նկատմամբ։ Ամենալուրջ խնդիրները, ըստ մասնագետների, հիմնականում մինչև 5 տարեկան երեխաներն ու 20 տարեկանից բարձր մեծահասակներն են ունենում։
Սարգսյանցն ընդգծեց, որ վերջին տասնամյակների միտումն է՝ վարակածների մոտ մեկ երրորդը մեծահասակներ են. - «Ըստ վիճակագրության, 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ բարդություններ։ Կարող է հազվադեպ, բայց շատ լուրջ բարդության բերել՝ բարձր մահացությամբ, դա էնցեֆալիտներն են, մենինգոէնցեֆալիտները։ Նույնպես հազվադեպ, բայց կարող է զարգանալ 6-8 տարի անց վարակը տանելուց հետո գլխուղեղի ախտահարումներ, որոնք սովորաբար ունենում են մահացու ելք»։
Կարմրուկը կանխարգելելու միակ տարբերակը երկու դեղաչափով պատվաստումն է։ Առաջինը երեխան ստանում է մեկ տարեկանում, երկրորդը՝ 4-6-ում։ Սա բավական է ողջ կյանքի համար։ 18 տարեկանից բարձր քաղաքացիները նույնպես կարող են պատվաստվել, հատկապես, եթե չեն հիշում՝ վաղ տարիքում վարակվել կամ պատվաստվե՞լ են։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը զգուշացնում է. - «Եթե երեխան դրանից առաջ բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հանդիպելուց հետո այլև չի հիշում։ Եվ նորից, արդեն հետվարակային շրջանում շատ ընկալունակ է, շատ խոցելի է ցանկացած «անշառ» վարակների նկատմամբ։ Եվ այդ գործընթացը տևում է մոտ երեք տարի, որպեսզի իմուն համակարգը նորից վերականգնվի»։
Ինչու՞ դեռ խորհրդային շրջանից բոլորին հայտնի կարմրուկի այս բռնկումն այսպիսի մեծ հնչեղություն ստացավ։ Անահիտ Ավանեսյանը պարզաբանում է. - «Երկու տարի առաջ, եթե ես չեմ սխալվում, եղել են հատուկենտ հաստատված պացիենտներ, և այս մասին մենք ևս ժամանակին տեղեկացրել ենք։ Ուղղակի եղել են երկու-երեք հոգի։ Այս անգամ թիվը մի փոքր ավելի մեծ է։ Հենց դրանով էլ պայմանավորված է մեր նման ուշադրությունը այս խնդրին»։
Մանկաբույժ Սերգեյ Սարգսյանն ասում է, որ կարմրուկից բացի, շարունակում են շրջանառվել սուր շնչառական վարակները։ Սա, նրա խոսքով, համաճարակ չէ, վիճակը վերահսկելի է ու կրիտիկական չէ. - «Եթե կասկածելի նշաններ կան, երեխաներին չուղարկել դպրոց, չուղարկել մանկապարտեզ։ Այս րոպեին դեպքերի քանակը մեզ չի հրամայում մտածել դպրոցների փակման մասին»։
Պոլիկլինիկաներից զանգահարում են կարմրուկի պատվաստումները բաց թողած երեխանրի ծնողներին ու հիշեցնում՝ կարևոր է, պատվաստվեք։ Թեև Հայաստանում կարմրուկի դեմ պատվաստվածության շեմը 95 տոկոս է, այդուհանդերձ մինչև մեկ տարեկան երեխաներն ու հղիները չեն կարող պատվաստվել։ Ըստ նախարարի, մյուսները պետք է պատվաստվեն, որ պաշտպանեն այս ու թիրախային այլ խմբերի քաղաքացիներին։
Բայց, եթե կինը պատվաստվել է կարմրուկի դեմ ու չի իմացել, որ հղի է, ապա դա հղիությունն ընդհատելու պատճառ չէ, հավելում են մասնագետները։