Առողջապահության նախարարությունը երեկվանից սկսել է վիճակագրություն ներկայացնել Հայաստանում տարածվող կարմրուկի դեպքերի մասին. պաշտոնական վերջին տվյալներով՝ 14 դեպք է գրանցվել։ Հայաստանում մի քանի տարի չգրանցված խիստ վարակիչ այս հիվանդության աղբյուրը դեռևս պարզ չէ, սակայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Սվետլանա Գրիգորյանն ասում է, որ բոլոր վարակվածները եղել են չպատվաստված։
«Հիմնականում երեխաներ են, բայց կան նաև մեծահասակներ», - նշեց նա:
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի մանկական ինֆեկցիոնիստ Գայանե Թամազյանը նկատում է՝ վերջին տարիներին որոշ ծնողների մոտ նկատել են կանխակալ վերաբերմունք պատվաստումների նկատմամբ. «Դա իրենց քմահաճույքն է, ոչ մի բանով չի կարելի դա բացատրել, ինքը այլ է, մեր վերջին հիվանդը՝ ինչի՞ չես պատվաստվել, չեմ ուզել, չեմ պատվաստվել»։
Հայաստանում կարմրուկի դեմ պլանային պատվաստումներին իրականացվում են 1 և 6 տարեկաններում, մյուս տարիքային խմբերի համար արդեն պատվաստումը կամավոր է:
«1 և 6 տարեկանում գրեթե բոլորը կատարում են, իսկ հետո դա պարտադիր չեն համարում հիմնականում ծնողները կամ իրենք հիվանդները», - ասաց ինֆեկցիոնիստը։
Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տվյաներով՝ 1 և 6 տարեկան երեխաների 95 տոկոսը պատվաստվել է կարմրուկի դեմ։ Հայաստանը 2007 թվականից միացել է կարմրուկի և կարմրախտի տեղական շտամներով հարուցված հիվանդացման դեպքերը վերացնելու ԱՀԿ-ի գլոբալ ռազմավարությանը, որն էլ, ըստ Սվետլանա Գրիգորյանի, ունեցել է իր դրական ազդեցությունը. «Հայաստանում կարմրուկի տեղական դեպքեր չեն գրանցվում»:
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչն ասում է՝ վերջին տարիների ընթացքում կարմրուկ հիմնականում օտարերկրացիներն են բերել Հայաստան։
«Երբ որ արդեն ունենք բերովի դեպք, շփվելով իր շրջապատի հետ՝ հիմնականում հիվանդանում են այն անձինք, ովքեր տվյալ պահին չունեն պատվաստում», - ասաց նա:
Այս մի բռնկումից առաջ վերջին նման դեպքը գրանցվել էր 2019 թվականին։
Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, խիստ վարակիչ է, ունի գաղտնի շրջան։ Հիվանդի հետ շփված և չպատվաստված անձինք 100 տոկոս հավանականությամբ կվարակվեն։ Պատվաստումները կարող են երաշխիք լինեն, սակայն վտանգ միշտ էլ կա, ասում է բժիշկ Գայանե Թամազյանը. «Բոլոր պատվաստումները ունեն իրենց 10-15 տոկոս պատուհանը, որը իմունիտետ չի առաջացնում հիվանդների մոտ»:
Վարակի շղթան կոտրելու համար Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնն արդեն հրահանգել է հիվանդանոցներին յուրաքանչյուր կասկածելի դեպք դիտարկել որպես կարմրուկի պոտենցիալ աղբյուր։ Վստահեցնում են՝ այժմ աշխատում են հայտնաբերված 14 վարակակիրների հետ շփված անձանց շրջանակը պարզելու և շղթան կոտրելու ուղղությամբ։