Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած լեյտենանտ Դավիթ Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ Հովսեփյանին երեկ էին վիրահատել, նա դեռ «Հանրապետական բժշկական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքում է։
Երեկ Ստեփանակերտը հաղորդեց, թե ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում՝ Ստեփանակերտի Կրկժան թաղամասից դեպի Լիսագոր գյուղ ընկած հատվածում, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Հայկական կողմը հաղորդեց երեք զոհի, մեկ վիրավորի մասին: Ավելի ուշ Բաքուն հայտարարեց, թե սեփական բանակի երկու զինծառայող է զոհվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդեց, թե իբր «հայկական կողմը զինամթերք էր տեղափոխում, իրենք փորձել են ստուգել մեքենաները», ինչի արդյունքում էլ փոխհրաձգություն է սկսվել, Արցախից հերքեցին։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները երթևեկում էին մարդատար մեքենայով, որի մեջ զենք կամ զինամթերք չի եղել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին