Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով 6 տարվա ազատազրկում է կրում պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին և ի թիվս այլ հայտարարությունների ասել, թե միանգամայն վստահ է՝ իր հանդեպ քրեական հետապնդման մեջ վճռորոշ դերակատարություն ունի Վլադիմիր Պուտինը:
Սաակաշվիլին համոզմունք է հայտնել, որ իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը 2012 թվականի հոկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում պարտվել է և իշխանությունը կորցրել ռուսական հատուկ գործողության արդյունքում:
«Նրանք միլիարդատեր, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին 2 միլիարդ դոլար են տվել նախընտրական արշավը վարելու համար», - ասել է Սաակաշվիլին՝ նկատի ունենալով փաստը, որ այդ նախընտրական քարոզարշավի ընթացքում Իվանիշվիլին կարողացել է Ռուսաստանում վաճառել իր ամբողջ ունեցվածքը:
«Իվանիշվիլին Վրաստանը հանձնում է Պուտինին և չի ցանկանում, որ ես վերադառնամ Ուկրաինա՝ Զելենսկիին օգնելու համար», - պնդել է Վրաստանի նախկին նախագահը՝ Ուկրաինայի գործող նախագահին անվանելով ժամանակակից Չերչիլ:
Վրաստանի իշխանություններն առայժմ չեն արձագանքել Սաակաշվիլիի մեղադրանքներին, Մոսկվայից նույնպես պաշտոնական մեկնաբանություն դեռ չի եղել:
Հարցազրույցում խոսելով իր առողջական վիճակի մասին՝ Սաակաշվիլին նշել է, թե 2021-ի հոկտեմբերի 1-ից, երբ իրեն ձերբակալել են, 60 կիլոգրամով նիհարել է: Բացի այդ, նա պնդել է, որ Գլդանիի բանտ հարկադիր տեղափոխման ժամանակ ուղեղի վնասվածք է ստացել:
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2013 թվականներին: Անցած տարի մայիսին նախկին նախագահը մի շարք, այդ թվում՝ հոգեկան, հիվանդություններից բուժման կուրս է անցնում Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկայում, որտեղ ապրում է երկուսենյականոց բաժանմունքում: