Փաստերը վկայում են, որ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակումը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է, հայտարարում է պաշտոնական Երևանը։
«Ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունները այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։
Մարտի 5-ին դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայաղող, մեկը վիրավորել է, հայտնել են Արցախից։ Տեղի ունեցածից հետո Ադրբեջանի պաշտոնական մարմինները տեղեկություններ տարածեցին, թե իբր «օպերատիվ տեղեկատվություն են ստացել, թե Հայաստանից զենք, զինամթերք ու անձնակազմ է տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ, և իրացրել են այդ օպերատիվ տեղեկատվությունը»:
Ադրբեջանի առաջ քաշած պաշտոնական «վարկածն անհեթեթ է. նրանք չեն ներկայացրել և չեն կարող ներկայացրել այդ վարկածն ապացուցող ոչ մի փաստ ու հիմնավորում», շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ հիշեցնելով, որ սա տեղի է ունենում Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումից երկու շաբաթ չանցած, որով հերքվեցին Ադրբեջանի պնդումները Հայաստանի կողմից ականների ենթադրյալ տեղադրումների վերաբերյալ:
Բացի այդ, պաշտոնական Երևանը նշել է, որ Արցախի ոստիկանության ձեռքի տակ առկա տեսանյութն ապացուցում է, որ ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է «ՈւԱԶ» մակնիշի միկրոավտոբուսի վրա, որի մեջ եղել են ԼՂ ՆԳ նախարարության չորս աշխատակիցներ, որոնք ծառայողական նպատակներով Ստեփանակերտից ուղևորվելիս են եղել Արցախի Հին Շեն, Մեծ Շեն գյուղեր:
«Ընդ որում, տեսանյութերը հիմնավորում են, որ «ՈւԱԶ»-ի մեջ բացի ծառայողական փաստաթղթերից և տաբելային զենքից այլ բան չի եղել», - հավելել է ԱԳ նախարարությունը, ընդգծելով, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը նաև կրահերթեր է բացել Արցախի գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրադադարի խախտումներ Ղարաբաղում. ՌԴ ՊՆ«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքների ու դրանցում միջազգային ներգրավվածության անհրաժեշտությունը:
Հայաստանի Հանրապետությունը կոչ է անում միջազգային հանրությանը, մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ հետաքրքրված երկրներին և միջազգային կազմակերպություններին՝ խստորեն դատապարտել Ադրբեջանի կողմի ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպես նաև լայնածավալ ռազմական գործողություններ սադրելու հերթական դրսևորումը և գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների հետագա խախտումները բացառելու ուղղությամբ:
Ստեղծված պայմաններում Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելը դառնում է կենսական անհրաժեշտություն», - հայտարարել է Արտաքին գործերի նախարարությունը:
Ադրբեջանական կողմը, իր հերթին, ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության ուշադրությանն է ներկայացրել առ այն, որ «եռակողմ հայտարարության կետերը պետք է կատարվեն անվերապահորեն և ամբողջությամբ»։ Բաքուն նշել է, որ միակ ճանապարհը, որը կարող է օգտագործվել Ադրբեջանից Ղարաբաղի տնտեսական շրջանի և Հայաստանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության համար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհն է, որը արդեն երեք ամիս է՝ փակ է։
Պաշտոնական Ստեփանակերտն էլ շեշտել է, որ իր գործողություններով Բաքուն բացահայտ կերպով ցուցադրում է բանակցությունների՝ որպես որևէ հարցի լուծում գտնելու միջոցի ժխտում:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդհանրապես և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ներգրավված կողմերին՝ մասնավորապես, վերանայել իրենց մոտեցումները և ձեռնարկել գործուն ու միջազգային իրավունքի նորմերից բխող քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի ահաբեկչական և ցեղասպան քաղաքականությանը», - ասված է Արցախի արտգործնախարարության հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական ու ադրբեջանական կողմերը հայտնում են զոհերի ու վիրավորների մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը հայտնում է զոհերի մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեքենան եղել է մարդատար, զենք, ռազմամթերք չի եղել. Արցախից հերքում են