Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար, Գերմիանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում, և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա», - նշել է նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած, և այդ ուշադրությունը պետք է կարողանալ ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին։
«Չեմ ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է», - արձանագրել է նա:
Փաշինյանի աշխատանքային այցը Գերմանիա ավարտվել է։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ կանցլեր Օլաֆ Շուլցի հետ։ Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդում, որտեղ եղել են քաղաքական ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ծավալուն ելույթ է ունեցել Հայաստանի անվտանգության թեմայով։