Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է այցերը զորամասեր:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ այսօր Պապիկյանն այցելել է հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում: Մարտական հերթապահություն իրականացնող զորամասի հրամանատարը ներկայացրել է իրադրությունն առաջնագծում: Զորամիավորման հրամանատարը պաշտպանության նախարարին զեկուցել է սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքների վերաբերյալ: Նախարարը զրուցել է առաջնագծում պահպանություն իրականացնող ժամկետային անձնակազմի հետ, զգոն ու անվտանգ ծառայություն մաղթել:
Դիրքեր այցից հետո պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել մշտական տեղակայման վայրի շենքային պայմաններին, շարահրապարակում հետևել է ստորաբաժանումների շարային պատրաստությանը, առաջիկա օրերին մարտական հերթափոխի համար շարված գումարտակների նախապատրաստական աշխատանքներին:
Շրջայցից անմիջապես հետո պաշտպանության նախարարը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, հետաքրքրվել նրանց սոցիալ-կենցաղային, բնակարանների ապահովման պայմաններով: Նախարարը հորդորել է լրացուցիչ մարզումներով բարելավել ֆիզիկական վիճակը, մարտավարամասնագիտական հմտությունները՝ ատեստավորման քննություններում առավելագույն միավորներ վաստակելու համար:
Պապիկյանը բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հորդորել է բարձրացնել կարգապահության մակարդակը բոլոր օղակներում, հատկապես մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների շրջանում, բարոյահոգեբանական զրույցների միջոցով զորքերից արմատախիլ անել արատավոր բարքերն ու ոչ-կանոնադրային հարաբերությունները:
ՊՆ լրատվականի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ N զորամիավորում այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել մարտական հերթապահություն իրականացնող զորամասի դասակների, ջոկերի հրամանատարների, մարտական դիրքերի ավագների հետ:
Պապիկյանը զորամասի հրամկազմին հանձնարարել է պատշաճ հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, անել առավելագույնը՝ մարտական դիրքերն ավելի անխոցելի դարձնելու համար:
Նախարարը դիրքերի ավագներին վստահեցրել է, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայողների անվտանգ հերթապահությունը կազմակերպելու, անհրաժեշտ բոլոր միջոցներով ապահովելու համար: