Մատչելիության հղումներ

Նոր զորամասի շահագործումը նախատեսված է 2023-ի երկրորդ կեսին․ «հատուկ ուշադրություն՝ անվտանգային նորմերին»


Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է հարավարևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, ծանոթացել սահմանագոտու երկայնքով իրականացված լայնածավալ ինժեներական, ամրաշինական աշխատանքներին։

Պապիկյանն այցելել է նաև զորամասի ստորաբաժանումներից մեկի համար նոր կառուցված մշտական տեղակայման վայր, շրջել շինհրապարակում, հետևել կառուցապատման աշխատանքներին:

Ըստ նախարարության՝ զորամասն ապահովված է լինելու հարմարավետ զորանոցներով, շտաբային, թիկունքային, ճաշարանային շենք-շինություններով, առանձին նշանակության ենթակառույցներով:

Սուրեն Պապիկյանը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել շինությունների անվտանգային նորմերին, ռազմական տեխնիկայի և սպառազինության պահման վայրերին, ինչպես նաև խստորեն պահել շենքերի ամրաշինական չափորոշիչները:

Զորամասը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա երկրորդ կեսին:

Պաշտպանության նախարարը երեկ էլ այցելել էր զորամասերից մեկը, ներկայացրել ԶՈւ բարեփոխումների հիմնական դրույթները և սպաներին հանձնարարել՝ անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:

XS
SM
MD
LG