Դրանցից մեկը՝ Թումանյանի գյուղեր տանող ճանապարհների հիմնանորոգումը դեռ անցած ամռանը պետք է սկսվեր։
Կառավարությունից հայտարարում էին թե պահանջվող 3,5 միլիարդ դրամն արդեն հատկացված է, մրցույթն՝ ավարտված։ Բայց ամիսներ անց պարզվեց, որ մրցույթում շահած «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությունը չի կատարել պարտավորությունը սահմանված ժամկետներում։ Պատվիրատուն՝ Տարածքային կառավարման նախարարությունը խզեց պայմանագիրն ու նոր մրցույթ հայտարարեց։ Շահեցին «Եվրոասֆալտ» և «Ճանապարհ» ընկերությունները։
Դեռ անցած տարեվերջին նախարար Գնել Սանոսյանն ասում էր, որ բոլոր գործընթացներն ավարտված են, սպասում են եղանակների տաքանալուն, որ աշխատանքն սկսվի. - «Մրցութային գործընթացն ավարտվել է, բոլոր փաստաթղթերն ավարտել ենք, հաղթող ընկերությունները ճանաչված են, և մենք սպասում ենք, որ աշխատանքներ իրականացնի։ Սպասում ենք եղանակային պայմաններին, այսինքն՝ հենց հնարավոր լինի...»
Արդեն գարուն է, եղանակներն էլ՝ տաք, մինչդեռ շինտեխնիկա Թումանյան համայնք այդպես էլ չի հասել։ Ճանապարհային դեպարտամենտից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ կապալառուների հետ համաձայնագրեր կկնքեն ու երկուշաբթի կսկսվի աշխատանքը. - «Մարց և Քարինջ տանող ճանապարհների հիմնանորոգման համար կառավարության որոշմամբ հատկացվել են դրամական միջոցներ։ Առաջիկայում կապալառուի հետ համաձայնագիր կնքելուց հետո շինաշխատանքները կմեկնարկեն։ Մյուս գյուղեր տանող ճանապարհների հիմնանորոգման համար դրամական միջոցներ կհատկացվեն առաջիկայում, որից հետո կկնքվեն համաձայնագրեր, և կտրվի շինարարության մեկնարկը»։
Նախկին կապալառուն՝ «Լեոպոլդ և ընկերներ»-ը Հայաստանի երկրորդ նախագահի ընտանիքի հետ կապվող ընկերություն է, որը զրկվեց այս 3,5 միլիարդանոց շինարարությունից։ Շրագրի մեծ մասի նոր կապալառուն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունն է։ Դեռ անցած տարի խորհրդարանում իշխանական պատգամավոր Արեն Մկրտչյանը հարցրել էր նախարարին, թե ի վերջո ինչո՞ւ նախկին կապալառուն՝ «Լեոպոլդ և ընկերները», այդպես էլ չսկսեց ճանապարհի շինարարությունը, անգամ ակնարկել էր, թե այստեղ կարող էին քաղաքական պատճառներ լինել։
Նախարարը սրան հստակ պատասխան չէր տվել, բայց շինարարությունը չսկսելու մեղքը մասնավոր ընկերությանն էր վերագրել. - «Կառավարությունը իրենից հասանելիք ամեն ինչ անում է՝ սկսած այդ ծրագրի համար գումար հատկացնելուց, նախագիծ կազմելուց, մրցութային գործընթաց և այլն։ Երբ պրոցեսը անցնում է մասնավոր ընկերությունների դաշտ, տեսնում ենք, որ տարբեր պատճառներ կան»։
Թումանյանի բնակիչները, որ այս ճանապարհի հարցով անգամ բողոքի ակցիաներ են արել, դեռ սպասում են, թե երբ շինտեխնիկա կերևա։ Վերջին անգամ ավելի քան մեկ տարի առաջ, Թումանյանի ընտրություններից առաջ էին տեխնիկա բերել՝ մի քանի օրով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Թող էդ պաշտոնյաները իրանց ընտանիքով գան էս ճանապարհով մի հատ տուրիստական այց կատարեն». թումանյանցիները կրկին բողոքում են
Մեկ այլ խոշոր՝ ավելի քան երկու միլիարդ դրամանոց ճանապարհաշինական ծրագիր նախատեսված է Ալավերդի համայնքում։ Դեռ անցած տարվա սեպտեմբերին է մրցույթը կայացել։ Համայնքի ղեկավարի անցած տարի կայացած ընտրություններից առաջ կառավարության այս ծրագիրն օգտագործվում էր իշխանական թեկնածուի նախընտրական ծրագրում։ Բայց այս դեպքում էլ տեղի բնակիչներն ասում են՝ Սանահին վանական համալիր ու Ակներ գյուղ տանող դժվար անցանելի դարձած 9 կիլոմետրանոց ճանապարհին ընդամենը մի քանի օր շինարարներ երևացին ու շինտեխնիկան գործ արեց։
Այս ծրագրի դեպքում մրցույթում շահել է նույն «Լեոպոլդ և ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը թերացումների և ժամկետները խախտելու համար զրկվել էր Թումանյանի գյուղական ճանապարհները հիմնանորոգելու իրավունքից։
Ընկերության տեղամասի պետ Գալուստ Լալայանն այսօր «Ազատությանն» ասաց՝ շինարարությունն սկսելուց ընդամենը օրեր անց նախագծային թերություններ են ի հայտ եկել։
Ճանապարհային դեպարտամենտից էլ «Ազատությանը» հայտվեցին, որ ջրագծի ու գազատարի հետ խնդիրներ կան՝ առանց հստակեցնելու, թե երբ կվերացվեն դրանք։
Երկրորդ նախագահ Քոչարյանի ընտանիքի հետ առնչվող «Լեոպոլդ և ընկերներ» կազմակերպությունը այս ճանապարհի շինարարության մրցույթում շահելուց հետո անցած տարեվերջին, ֆինանսների նախարարության որոշմամբ երկու տարով զրկվել է շինարարական այլ մրցույթների մասնակցելու իրավունքից։ Ընկերությունը դատարանում բողոքարկել է նախարարության որոշումը։ Մեկ ամիս առաջ դատարանը մերժել է ընկերության բողոքը։