Մոսկվան «ուկրաինացիների ահաբեկչություն» է անվանում Բրյանսկի հարձակումը, իսկ Կիևը՝ «ռուսների սադրանք»

Ռուսաստան - Անվտանգության դաշնային ծառայության կենտրոնակայանը Մոսկվայում, արխիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «ահաբեկչական հարձակում» է անվանել Բրյանսկի շրջանում ուկրաինացիներին վերագրվող այսօրվա զինված հարձակումը:

«Դա հերթական հանցագործությունն է, տեսել են, որ քաղաքացիական մեքենա է, սովորական «Նիվա», որում քաղաքացիական անձինք են, երեխաներ, և կրակ են բացել», - ասել է Պուտինը:

Այդ մեկնաբանությամբ նա հանդես է եկել «Դաստիարակների դպրոց» պիլոտային կրթական ծրագրի մասնակիցների հետ առցանց հանդիպման ընթացքում:

Այսօր մի խումբ զինյալներ հայտնվել են Ռուսաստանի՝ Ուկրաինային սահմանակից Բրյանսկի շրջանի տարածքում: Ըստ ռուսական կողմի՝ զինյալները կրակ են բացել, զոհվել է մեկ մարդ, վիրավորվել է մեկ երեխա, զինյալները, ենթադրաբար, պատանդառել են մի քանի բնակիչների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեքսանդր Բոգոմազ. «Ուկրաինացի դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջան»

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ իրականացվում է «սահմանախախտներին վնասազերծելու գործողություն»:

Մոսկվան ուկրաինացիներին է վերագրում գրոհը: Մինչդեռ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Բրյանսկի շրջանում հարձակմանն ուկրաինացիների առնչության մասին Մոսկվայի լուրն անվանել է «կեղծիք»:

«Ռուսաստանում ուկրաինացի դիվերսանտների մասին պատմությունը դասական միտումնավոր սադրանք է: Դուք ձեր պարտիզաններից վախեցեք», - Թվիթերում գրել է Պոդոլյակը:

«Ազատություն»-ը և այլ միջազգային լրատվամիջոցներ կողմերից որևէ մեկի պնդումները հաստատող տեղեկություններ դեռ չունեն։