Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկրում եռօրյա սուգ է հայտարարել՝ ի հիշատակ անցած գիշեր տեղի ունեցած երկաթուղային աղետի զոհերի։
«Հունաստանի տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների վրա ծածանվող դրոշները իջեցվել են, դադարեցվել է բոլոր տեսակի տոնական միջոցառումների անցկացումը», - հաղորդում է տեղական մամուլը։
Այսօր կեսօրին վարչապետ Միցոտակիսը այցելել է աղետի վայր, ծանոթացել դրա հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքներին։ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելորուպուլուն աղետի պատճառով ընդհատել է այցը Մոլդովա և շտապ վերադարձել Աթենք։
Հունաստանի փրկարարական ծառայության տվյալներով` կեսգիշերն անց Լարիսա քաղաքի մերձակայքում տեղի մարդատար և բեռնատար գնացքների դիմահար բախման հետևանքով 36 մարդ է զոհվել, 66 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից վեցը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։