Ներքին գործերի նորանշանակ նախարար Վահե Ղազարյանը երեկ երեկոյան խորհրդարանում հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։
Շուրջ 3 ժամ տևած փակ հանդիպման ընթացքում քննարկել են ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու գոյություն ունեցող խնդիրները՝ թրմանյութերի, հանցավորության դեմ պայքարի, Պարեկային ծառայության աշխատանքի հետ կապված հարցեր։
Հանդիպմանը մասնակցած իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ ամենաշատը իշխող ուժի ներկայացուցիչներին հետաքրքրել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցը։
«Վիճակագրությունը մտահոգիչ է, և ֆրակցիային չեն բավարարում այսօրվա պայքարի միջոցները, հետևաբար պետք է մշակել նոր ծրագիր՝ այդ խնդիրը մինիմումի հասցնելու համար։ Մենք չենք կարող հանդուրժել, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում թմրանյութերի ապօրինի շրջանառությունը ծավալվի։ Այդ ամենը պետք է հասցնել նվազագույնի և, այո՛, դա վերաբերում է մեր երիտասարդությանը, և գաղտնիք չէ, որ երիտասարդների լուրջ քանակ ներգրավված է այդ թմրամիջոցների օգտագործման մեջ», - ասաց պատգամավորը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թմրանյութ օգտագործողը սկզբից հոգեպես է ոչնչանում, հետո ֆիզիկապես. Առողջապահության նախարարության խորհրդատուՆերքին գործերի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել են նաև Պարեկային ծառայության հետ կապված հարցեր։ Պարեկային ծառայությունը վերջերս խիստ քննադատության ենթարկվեց, երբ մի խումբ պարեկների չէր հաջողվում վնասազերծել մայրաքաղաքի մայթերով երթևեկող «Համերի» 25-ամյա վարորդին։ Այս միջադեպին հետևեց ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պարեկային ծառայության ղեկավարն ազատվել է պաշտոնիցԴիտարկմանը, թե ըստ իրավապաշտպանների, Վահե Ղազարյանը կարծես թիրախավորել է պարեկներին, նրանց է ամենաշատը տույժերի ենթարկում, Խաչատրյանն այսպես արձագանքեց․ - «Պարեկային ծառայության մասով մենք վերլուծություններ ենք սկսել հանձնաժողովում, թե ինչ տույժերի են ենթարկվել և ինչի համար, և այդ տվյալները մի քանի հարյուրի են հասնում, բայց Ներքին գործերի նախարարությունը հակված է որպեսզի նաև ուսումնական պրոցեսներում որոշակի փոփոխություններ մտցվեն, որպեսզի այդ թերացումները ծառայության մեջ նվազագույնի հասցնեն, նաև այդ «Համերի» պատմությունը, նա այդտեղ նույնպես տեսնում է խնդիրներ։ Նախարարն ինքն ընդունեց, որ այո՛, դեռ պարեկների կողմից ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորման դեպքեր են եղել»։
Քաղհասարակությունը քննադատել էր 48-ամյա Վահե Ղազարյանի նշանակումը ներքին գործերի նախարարի պաշտոնում։
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշել էր, որ նա ոստիկանությունում սկսված բարեփոխումներին դեմ է, ավելին՝ այդ դիմադրության առաջամարտիկն է։
Իոաննիսյանը նաև պնդել էր՝ Վահե Ղազարյանն անջատել է ոստիկանական բաժանմունքերում տեղադրված տեսախցիկները, որոնք նապատակ ունեին արձանագրել ու կանխել բաժիներում տեղի ունեցող բռնությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իոաննիսյանի համոզմամբ՝ Վահե Ղազարյանի նշանակումը ՆԳ նախարար բարեփոխման գործընթացի տապալում է