Մեսսին՝ ՖԻՖԱ-ի 2022-ի լավագույն ֆուտբոլիստ, Պուտելլասը՝ լավագույն կին ֆուտբոլիստ

Ֆրանսիա - Լիոնել Մեսսին՝ Տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, Փարիզ, 27-ը փետրվարի, 2023թ.

Երեկ երեկոյան Փարիզում կայացավ ՖԻՖԱ-ի 2022 թվականի մրցանակների շնորհման արարողությունը: Հաղթողները որոշվել են երկրպագուների, մարզական լրագրողների, աշխարհի երկրների ֆուտբոլի հավաքականների ավագների և գլխավոր մարզիչների քվեարկության արդյունքներով:

Տարվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի ավագ, «Պարի Սեն-Ժերմեն»-ի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսսին: Տարվա լավագույն կին ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ Իսպանիայի կանանց հավաքականի և «Բասելոնա»-ի կանանց թիմի խաղացող Ալեքսիա Պուտելլասը:

Տղամարդկանց թիմի լավագույն մարզիչ ճանաչվեց Արգենտինայի հավաքականի մարզիչ Լիոնել Սկալիոնին, կանանց թիմի լավագույն մարզիչ՝ Սարինա Վիգմանը:

Աշխարհի լավագույն տղամարդ և կին դարպասապահներ ճանաչվեցին Արգենտինայի հավաքականից և «Ասթոն Վիլլա» ակումբից Էմիլիանո Մարտինեսը, Անգլիայի կանանց հավաքականից և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կանանց թիմից Մերի Ըրփսը:

Արարողության ժամանակ այլ մրցանակներ ու պարգևներ ևս շնորհվեցին: