Փորձագետները պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել Պաշտպանության նախարարության ավելի քան 70 գույքի վաճառքի հարցում։ Մասնագիտական գնահատականները պետք է տան անկախ փորձագետները, ընդգծում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Մոտ մեկ տարի առաջ կառավարությունը Պաշտպանության նախարարությունից Պետական գույքի կառավարման կոմիտեին է փոխանցել օտարման ենթակա ցանկը, որտեղ Երևանի կենտրոնում գտնվող մայրաքաղաքային գնդի տարածքն է, ինչպես նաև մի շարք սահմանամերձ մարզերի զորամասերի տարածքներ ու շինություններ։ Դրանց մասին տեղեկատվությունը կոմիտեն ուղարկել է կառավարություն՝ օտարման հարցերը քննարկելու համար։
«Մասիմալ թափանցիկություն և մաքսիմալ պրոֆեսիոնալիզմ այս ամենը բացատրելու հարցում, և մաքսիմալ անկողմնակալություն։ Էդ երեքը միաժամանակ», - նշում է Հոկտանյանը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, կասկածները չեն փարատվի, քանի դեռ կառավարությունը բացատրություն չի տվել, թե ինչու է որոշել օտարել, օրինակ, մայրաքաղաքային գունդը, որտեղ տեղակայված էր խաղաղապահ բրիգադը, և որը չի գործում 44-օրյա պատերազմից հետո. - «Ինչո՞ւ, ի՞նչ տարածքներ են... Որովհետև դրանք արդեն նախկինության բանից հանվում են։ Հիմա, պետք ա հիմնավորեն, թե ինչով ա պայմանավորված էդ գույքի օտարման հիմնավորվածությունը։ Օրինակի համար՝ էդ գույքը պիտանի չի...»
Կառավարության՝ դեռ 2022-ի ապրիլի որոշման հիմնավորման մեջ միայն ընդհանրական ձևակերպումներ են։ Ըստ այդմ, դրանք չօգտագործվող, ծախսատար տարածքներ են, որոնց օտարման գումարները կուղղվեն պաշտպանության նախարարության կարիքներին. - «Տարիներ շարունակ նշված գույքերի պահպանման համար Նախարարության կողմից իրականացվել և իրականացվում են ծախսեր՝ պահակի վարձատրություն, էլեկտրաէներգիա և այլ, որոնք արդարացված չեն բյուջեի տեսակետից։ Միաժամանակ, պոտենցիալ ներդրողների կողմից պարբերաբար առաջարկներ են ներկայացվում նշված գույքերը վաճառելու կամ վարձակալության հանձնելու վերաբերյալ»։
Արթուր Սաքունցը պնդում է՝ կառավարությունը պետք է հետևի, որ օտարման գործընթացը շուկայական գնով լինի և գումարներն էլ ուղղվեն հենց պաշտպանության նախարարությանը։ Եթե հիմնավորեն, որ մայրաքաղաքային գնդի տարածքը վաճառելով ավելի օգուտ կտան զինուժին, խնդիրը կարելի է լուծված համարել։ Մինչդեռ ընդդիմադիրներն արդեն մի քանի շաբաթ է հայտարարում են, թե կառավարությունը Երևանի կենտրոնի զորամասի տարածքը կարող է վերածել նորակառոււցների թաղամասի։
«Նախկին Ստալիչնի պոլկ անունով զորամասի տարածքը, որ հիմա փոխանցվել է պետգույքին, առաջիկայում պատրաստվում են կառուցապատել։ Էդպես բազմաթիվ այլ, նախկին գործող զորամասեր, որոնք այլևս զորամաս չեն, դրվելու են օտարման», - ասում է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը («Հայաստան»)։
Նրա կարծիքով, իշխանությունը նույն գործողությունների համար Սեյրան Օհանյանին է մեղադրում, մեկ տարբերությամբ՝ այս դեպքում ևս զորամասերն իրենց տարածքներով պետք է օտարվեն, բայց արդեն՝ կառավարության որոշմամբ. - «Ոչ թե ես մեղադրում եմ, որ Պաշտպանության նախարարությունը զորամասեր է վաճառում, այլ ասում եմ... նույն գործողությունը, որը իրականում տնտեսությունը ղեկավարելու հարց է։ Այո, կարող է իրավաբանական վարչությունը այս կամ այն գործողությունը՝ պետք է փոխանցվեր պետգույքին և այլն, բայց փաստացի էություն չի փոխվում»։
Այս թեման թեժացավ, երբ գլխավոր դատախազությունը մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին՝ նրան մեղադրելով 2000-ականներին զորամասերի տարածքները շուկայականից էժան գներով վաճառելու համար։
Ըստ դատախազ Աննա Վարդապետյանի՝ Օհանյանն իրավունք չուներ օտարելու հատուկ նշանակության այդ տարածքները։ Դա արվում է կառավարության որոշմամբ։ Մինչդեռ Օհանյանի ղեկավարած գերատեսչությունն ուղիղ օտարում էր ձևակերպել։
Պաշտպանության նախկին նախարարը խորհրդարանում պատճառաբանել էր, թե դրանք հին, չօգտագործվող տարածքներ էին, ծախսերը շատ էր և իմաստ չկար պահելու։