«Ազատություն». - Իլհամ Ալիևն ասում է, որ կա միջազգային գործընկերների ըմբռնումն այն հարցում, որ պետք է ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինում, ինչպես որ Հայաստանը ցանկանում է անցակետ տեղադրել Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհին։ Կա՞ նման ըմբռնում։
Կլաար. - Ես չգիտեմ, թե արդյոք այլ գործընկերների հետ քննարկումներ կան։ Կարող եմ ասել, որ մեր տեսանկյունից, առաջին հերթին կան պայմանավորվածություններ, որ ձեռք են բերվել նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի համատեքստում։ Եվ հետո, իհարկե կա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացը, որին մենք ակտիվ աջակցում ենք։ Ուստի կարծում եմ, որ սա այն հարցն է, որ պետք է քննարկվի այդ փաստաթղթի և այդ գործընթացի համատեքստում։
«Ազատություն». - Եվ չկա հիշատակում Լաչինում ադրբեջանական անցակետի մասին։
Կլաար. - Նոյեմբերի 9-ի փաստաթղթում նման հիշատակում չկա։ Միևնույն ժամանակ, իհարկե կրկին չեմ ուզում ասել, թե ինչ է լինելու բանակցությունների ընթացքում, բայց կարծում եմ, կարևորը դարձյալ այն է, որ ցանկացած քննարկում, ցանկացած մտահոգություն պետք է արծարծվի բանակցությունների համատեքստում։
«Ազատություն». - Ռուբեն Վարդանյանը հեռացվեց պաշտոնից։ Սա ազդա՞կ է սկսելու Ստեփանակերտ - Բաքու երկխոսությունը։
Կլաար. - Կարող եմ ասել, որ անկախ պարոն Վարդանյանի անձից՝ մենք հետևողականորեն հանդես ենք եկել այդ երկխոսության կայացման օգտին։ Եվ ես նաև Բաքվում իմ զրուցակիցներին էի ասում, որ մենք շատ կարևոր ենք համարում, որ նման երկխոսությունը տեղի ունենա հրապարակային։ Այնպես, որ ապահովվի դրա թափանցիկությունը միջազգային հանրության, բայց առաջին հերթին՝ Ղարաբաղի բնակչության համար։ Այսպիսով կրկնեմ՝ անկախ պարոն Վարդանյանի պաշտոնանկության փաստից, կարևոր է, որ նման երկխոսություն լինի։ Եվ գուցե հիմա, ներկա պայմաններում դա կարող է ավելի հեշտ լինել։
«Ազատություն». - Խաղաղության պայմանագրի գործընթացում առաջընթաց տեսնո՞ւմ եք։
Կլաար. - Ես տեսնում եմ, որ որոշ զարգացումներ են եղել, տեքստերի փոխանակումներ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ կարծում եմ, որ Մյունխենում տեղի ունեցած վերջին մտքերի փոխանակությունները նույնպես բավական դրական էին։ Չափավոր ասեմ՝ եթե ոչ լավատես եմ, ապա գոնե դրական եմ տրամադրված և հավատում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Բայց իհարկե դեռ շատ հարցեր կան սեղանին, շատ հարցեր, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։
«Ազատություն». - Եթե այդ փաստաթուղթը ենթադրում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, ի՞նչ երաշխիք է ստեղծվելու հայերի անվտանգության համար։
Կլաար. - Չեմ ուզում կանխատեսել, թե ինչպիսին կլինի վերջնական փաստաթուղթը։ Կարծում եմ, որ, անկախ նրանից, թե Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները դիտարկվում են մեկ համատեքստում, իսկ Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը՝ մեկ այլ համատեսքտում, կարևորն այն է, որ լինի հակամարտության համապարփակ լուծում։ Հակամարտություն, որն ավելի քան երեսուն տարի մեծ խնդիր է ստեղծել այս տարածաշրջանի համար։ Այն հետ է պահում Հայաստանը, հետ է պահում Ադրբեջանն ու ամբողջ տարածաշրջանը։ Այնպես որ, հակամարտության համապարփակ լուծումը բխում է բոլորի շահերից։ Եվ ես իսկապես հույս ունեմ, որ կարող ենք օգնել այս գործընթացն առաջ տանելու գործում։
«Ազատություն». - Ռուսաստանն արդեն գրեթե ամենօրյա ռեժիմով է դժգոհում, որ Արևմուտքի նպատակը Մոսկվային Հարավային Կովկասից դուրս թողնելն է, Ղարաբաղի հարցի միջնորդությունը խլելը:
Կլաար. - Այո, ցավոք սրտի, մենք նման շատ հաղորդագրություն ենք տեսել։ Եվ ես բազմիցս ասել եմ իմ ռուս զրուցակիցներին, որ մենք որևէ հիմք չենք տեսնում նման կեղծ մեղադրանքների համար։ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավված չէ որեւէ աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մենք ներգրավված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև այս գործընթացում մեկ և պարզ նպատակով, այն է՝ օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը։ Դրա արդյունքը, երբ իրական խաղաղություն հաստատվի, Հարավային Կովկասում բոլորի համար կբերի ավելի լավ կենսամակարդակ: Դա բխում է այստեղի ապրող մարդկանց շահերից, դա ձեռնտու է Եվրամիությանը՝ որպես Հարավային Կովկասի հարևանի։ Դա նաև Ռուսաստանին է ձեռնտու՝ նույնպես որպես Հարավային Կովկասի հարևանի։ Այնպես որ, կարճ ասած, մենք սա տեսնում ենք որպես զուտ դրական ներգրավվածություն մեր կողմից: Ու ես շատ հիասթափված եմ, որ Մոսկվայում ոմանք շարունակում են դրան անդրադառնալ ուղղակի անտեղի արտահայտություններով։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.