Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ այս պահին աշխատում է ռուսական խաղաղապահ զորակազմը, «Ազատությանը» տեղեկացրեց Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Անցած ուրբաթ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման հարցը։ Թե կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այս ուղղությամբ, հստակ չէ։
«Միջանցքը բացելու ուղղությամբ ռուսական կողմն է շարունակում աշխատել: Այս պահի դրությամբ որևէ նորություն չունենք: Արցախյան կողմի դիրքորոշումը մեկն է՝ միջանցքը սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և այն պետք է գործի այդ հայտարարության համաձայն», - ասաց նա:
Հարցին, թե երբ նշում է, որ ռուսական կողմն է աշխատում այդ ուղղությամբ, կա՞ն որոշակի հույսեր, տեսնո՞ւմ են դրական տեղաշարժ, որ կլինեն փոփոխություններ, նախագահի խոսնակն արձագանքեց. «Շրջափակման յուրաքանչյուր օրը մենք ապրում ենք նման հույսով»:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ արդեն 78 օր։ Չի վերականգնվել նաև Հայաստանից Արցախը սնող միակ էլէկտրագիծը։ Չնայած անցած ուրբաթ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը դեռ թույլ չի տալիս սկսել բարձրավոլտ գծի վերանորոգման աշխատանքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի բոլոր մանկապարտեզներում լիարժեք վերսկսվում է ուսումնական գործընթացըԱրցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանի փոխանցմամբ՝ դեռ սպասում են ադրբեջանական կողմի քայլերին. «Առայժմ դեռ որևէ գործողություն տեղի չի ունեցել, մենք դեռևս սպասում ենք ադրբեջանական կողմի համապատասխան քայլերին, որոնք հնարավորություն կտան մասնագետներին լինել դեպքի վայրում, գնահատել վնասը և սկսել վերանորոգման աշխատանքները: Առայժմ Արցախում դեռևս հովհարային անջատումներով է մատակարարվում էլեկտրականությունը»:
Ի դեպ, «Արցախէներգոյի» ընդհանուր հարցերով տնօրեն Տիգրան Գաբրիելյանն «Ազատությանը» փոխանցեց՝ ֆիքսել են, որ էլեկտրագծի վնասված հատվածը Բերձոր քաղաքի հատվածում է, և հնարավորության դեպքում կարող են այցելել ու վերանորոգել այն։
Ինչ վերաբերում է գազամատակարարմանը, ապա այս պահին այն վերականգնված է։ «Արցախգազից» փոխանցեցին, որ բոլոր հաստատություններում գազ կա։
Արցախում գործող մանկապարտեզներում այսօր լիարժեք վերսկսվում է ուսումնական գործընթացը։ Դպրոցներն ավելի վաղ էին վերաբացվել։
Պաշտոնական Ստեփանակերտը դեռևս չի բացահայտում, թե ովքեր են արցախյան կողմից մասնակցել անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպմանը։
Արցախի նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանն ասաց, որ նպատակահարմար չեն համարում։ Վերջին անգամ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչները հանդիպել էին հունվարի կեսերին։
Հարցին՝ ինչով է պայմանավորված, որ արցախյան կողմը չի գաղտնազերծում, թե ովքեր են մասնակցել հանդիպմանը, նա ասաց. «Իսկ ո՞ր կողմն է գաղտնազերծել մասնակիցների անունները, որ արցախյան կողմը պետք է գաղտնազերծի: Համենայն դեպս, այս պահին նպատակահարմար չեմ գտնում»:
Ռուսական խաղաղապահ զորակազմը անցած ուրբաթ տեղի ունեցած հանդիպման մասին իր ամենօրյա տեղեկագրում ընդհանրապես որևէ հիշատակում չի անում, Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում նշվում է միայն, որ բանակցությունները շարունակվում են։
Չնայած ամենաբարձր մակարդակով միջազգային տարբեր կառույցներից հնչող հորդորներին, նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի միջանկյալ որոշմանը` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակում է փակ մնալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու համար պետք է առավելագույն ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա. Եղիշե ԿիրակոսյանԱվելին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե ադրբեջանական կողմի օրինական պահանջները չկատարելու հետևանքով է, որ Լաչինի միջանցքում ցուցարարները բողոքի ակցիաներ են սկսկել։
«Ակցիայի մասնակիցները հիմնավոր պահանջներ են բարձրացնում, հարցերը մնում դեն դեռ անպատասխան, այդ իսկ պատճառով բողոքի ակցիան ընթանում է իր հունով», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Պաշտոնական Երևանը մինչդեռ հակադարձում է՝ Ադրբեջանը շարունակում է արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու միջոցով Լեռնային Ղարաբաղը հայաթափելու իր քաղաքականությունը։ «Սումգայիթյան ոճրագործությունից 35 տարի անց, շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը ապօրինի կերպով շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, և այս գործողության նպատակը Լեռնային Ղարաբաղում մնացած 120 հազար հայերին նույնպես տեղահանելն է», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ: