«Շվեդիան Թուրքիայի հետ ստորագրված հուշագրի՝ ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող դրույթների կատարման ուղղությամբ համոզիչ քայլեր չի ձեռնարկել», - այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոյի հետ բանակցությունների ընթացքում թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է. - «Ցավոք սրտի, այդ փաստաթղթի ստորագրմանը Շվեդիայի համոզիչ քայլերը չեն հետևել։ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին Բրյուսելում»:
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ թեև Ստոկհոլմը մի շարք փոփոխություններ է կատարել Սահմանադրության տեքստում և հակաահաբեկչական օրենքներում, դա չի հանգեցրել Անկարայի ներկայացրած պահանջների կատարմանը. - «Չնայած այդ օրենսդրական փոփոխություններին՝ ահաբեկչական կառույցները շարունակում են իրենց անխափան գործունեությունը Շվեդիայի տարածքում»։
Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի ԱԳ նախարարը հատուկ ընդգծել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցելու հարցում Անկարան այլևս որևէ առարկություն չունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստոկհոլմը պատրաստ է վերսկսել բանակցությունները Անկարայի հետ