Leopard տեսակի գերմանական հրասայլերից առաջիններն արդեն Ուկրաինայում են

Ուկրաինացի զինծառայողները սովորում են վարել Leopard տեսակի հրասայլերը:

Լեհաստանն արդեն Ուկրաինա է փոխադրել Leopard տեսակի գերմանական հրասայլերից մի քանիսը:

Այդ մասին Վարշավայում՝ ազգային անվտանգության խորհրդի նիստում ասել է նախագահ Անջեյ Դուդան: Պարզաբանումները ներկայացրել է պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

«Լեհական Leopard-ներից առաջիններն արդեն հասել են Ուկրաինա: Ուկրաինացի զինծառայողներն ուսումնավարժական հավաքների են մասնակցում, նրանց հետ Սվիետոշովի հրաձգարանում աշխատում են լեհ, կանադացի և նորվեգացի հրահանգիչները»,- հայտնել է նախարարը:

Գերմանիան վերջերս ոչ միայն խոստացել է Leopard-ներ ուղարկել Ուկրաինա, այլև դաշնակից երկրներին թույլ է տվել Ուկրաինային տրամադրել այդ հրասայլերը: