Կառավարության այսօրվա նիստում վարչապետն «անչափ կարևոր» համարեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
Հաագայի դատարանը երեկ մասամբ բավարարել էր Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը և միաձայն մերժել Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատարանը նախևառաջ արձանագրեց, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը մոլորեցրել է:
«Դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար, ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը էկոակտիվիստների կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը», - ասաց կառավարության ղեկավարը:
Ի՞նչ քաղաքական նշանակություն կունենա այս որոշումը, կբացվի՞ արդյոք գրեթե երեք ամիս փակված Լաչինի միջանցքը. Հայաստանի վարչապետն ասաց՝ Ադրբեջանը պետք է տեսանելի ջանքեր գործադրի այս ուղղությամբ՝ բերելով մի օրինակ. - «Իշխանության ամենաբարձրագույն օղակից Լաչինի միջանցքը բացելու կոչ-պահանջ հնչեցնելը «էկոակտիվիստներին»: Ամեն դեպքում Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունը Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների»:
Փաշինյանը չպարզաբանեց, թե ի՞նչ միջազգային հետևանքներ նկատի ունի։
ՄԱԿ-ի գլխավոր դատարանի որոշումը կատարելը պարտադիր է։ Դատարանի նախագահը շեշտեց՝ որոշման կատարումը ենթադրվում է հրապարակումից անմիջապես հետո։
Դեռ անցած տարեվեջին մեկ այլ միջազգային ատյան՝ Եվրադատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու ծանր հիվանդների անվտանգ շարժը Լաչինի միջանցքով, սակայն սա թղթի վրա մնաց։ Ի՞նչ երաշխիք, որ նույն ճակատագրին չի արժանանա այս որոշումն էլ։ Հաագայում Հայաստանի հայցը ներկայացրած Եղիշե Կիրակոսյանը Հանրայինի եթերում ասել է՝ Ադրբեջանն իր հեղինակությանը կվնասի, եթե այս մեկն էլ չկատարի։
«Բանական է՝ հայկական կողմը պետք է ամեն ինչ անի անընդհատ՝ հիշեցնելու ադրբեջանական կողմին այս նոր պարտավորության մասին և միջազգային հանրությանը: Չեմ կարծում, որ Ադրբեջանի շահերից է բխելու այս որոշումը չկատարելը», - նշել է Կիրակոսյանը:
Միամտություն է կարծել, որ որոշումից 10 րոպե անց միջանցքը կբացվի, սա միջազգային իրավունքի փորձագետների մի մասը գնահատական է։ Արա Խզմալյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծել էր, որ սա ևս մեկ հիմնավորում է, որ որևէ պարագայում Արցախի ժողովուրդը չի կարող ապրել Ադրբեջանի կազմում և դա ինչպես իրավական, այնպես էլ դիվանագիտական փաստարկ է։
«Միգուցե այդ պատասխանատվությունը այսօր չի մարմնավորվի, նյութական տեսքի չի ստանա, բայց իրավական հարթությունում այն արդեն առաջանում է, ընդհուպ մինչև անձնական քրեական պատասխանատվության ռիսկեր կոնկրետ երկրի ղեկավարների», - ասել է Խզմալյանը:
Քաղաքական, տնտեսական հետևանքներին պետք է հետամուտ լինել, ընդգծում է միջազգային իրավունքի մեկ այլ մասնագետ Տարոն Սիմոնյանը՝ պնդելով` Հայաստանը կարող է նախաձեռնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով պարտադրանք Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն, սա դիվանագիտական լուրջ աշխատանք է պահանջում, որպեսզի հանկարծ պետություններից մեկը վետո չդնի:
«Տնտեսական, ֆինանսական սանկցիաները և ընդհուպ մինչև ուժի կիրառում Ադրբեջանի դեմ», - նշեց մասնագետը։
Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը այսօր կարողանում է կատարել այդ աշխատանքը, Սիմոնյանն ընդունում է՝ գուցե սայլը տեղից չի շարժվում, սակայն հիասթափվելու ու թևաթափ լինելու շքեղություն Հայաստանը իրեն թույլ տալ չի կարող։ Իրավական գործիքները պետք է շարունակել օգտագործել։
«Որովհետև էդ գործիքների քանակի աճ և Ադրբեջանի այդ քամահրական վերաբերմունքը միջազգային իրավունքին ու միջազգային հանրությանը որոշակի փուլից հետո արդեն իր հետևանքները առաջացնելու է։ Իհարկե, եթե դրան զուգահեռ Հայաստանը թույլ քաղաքականություն իրականացնի, զիջողական քաղաքականություն իրականացնի որևէ արդյունքն էլ չի լինի։ Իրավական գործիքներով կարող ենք հասնել հաջողության, իրավաբաններն իրենց գործը լավ անեն, բայց դիվանագետները ու քաղաքական գործիչները լավ չանեն, արդյունքում ոչ մի բան էլ չի լինի, դրա համար պետք է բոլոր գործիչները իրենց տեղում լինեն և իրենց առջև դրված խնդիրները լուծեն, որ իրավաբանի էդքան լուրջ աշխատանքը ջուրը չընկնի», - ընդգծեց Տարոն Սիմոնյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԱԳՆ. Հայաստանը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հետաքրքրված չէ Լաչինի միջանցքում թափանցիկությամբՄԱԿ-ի դատարանի որոշմանը արձագանքել է նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Պաշտոնական Բաքուն ընդամենը նշել էր, որ Հաագայի դատարանն իր վճռում ի գիտություն է ընդունել Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը ձեռնարկել է և պարտավորվում է շարունակել իր լիազորությունների շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի ճանապարհով անվտանգ տեղաշարժն ապահովելու և նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պայմանները կատարելու համար։ Իսկ Բաքվի հայցի մերժումը ոչ բովանդակային էին համարել։
Փաշինյանն այսօր նաև սրան անդրադարձավ. - «Այսպիսով կարող ենք արձանագրել, որ արդեն մի քանի ամիս բոլոր միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները՝ ականապատումների մասին, փլուզվեցին»։
Հաագայի դատարանը երեկ մերժել էր Հայաստանի մյուս պահանջը՝ պարտավորեցնել Ադրբեջանին անհապաղ վերականգնել բնական գազի անխափան մատակարարումը։ Նշել էին՝ բավարար ապացույցներ չեն ներկայացվել, որ Ադրբեջանն է խաթարում մատակարարումը։ Փաշինյանը, հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղ գազ մատակարարող խողովակը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի վայրում, հավելեց, որ բավարար ապացույցներ հավաքելու դեպքում Հայաստանը այս հիմքով նորից կդիմի դատարան։