Վրաստանը Ռուսաստանի օրինակով «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագիծ է ընդունում, որը շատերի համոզմամբ՝ սպառնում է թաղել Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հույսերը։
Քննադատները նախաձեռնությունը համեմատում են ռուսաստանյան օրենքի հետ, որի կիրառմամբ Պուտինի վարչակազմը տոտալ գրաքննություն է սահմանել երկրում և այն որպես մահակ օգտագործել լրագրողների, ակտիվիստների, իրավապաշտպանների դեմ։
Ավելի քան մեկ տասնամյակ Վրաստանի իշխանության ղեկը ձեռքում պահող «Վրացական երազանքը», որը հավաստիացնում է՝ ժողովրդավարություն է դավանում և ձգտում է դեպի Եվրամիություն, որոշել է կողմ քվեարկել վերջին ամիսներին երկրում սուր քննարկումների տեղիք տված վիճահարույց օրենքին։ Այս մասին հայտարարել է իշխող մեծամասնության ներկայացուցիչ Մամուկա Մդինարաձեն։
Օրինագիծն արդեն Վրաստանի պատգամավորների սեղանին է։
«Վրացական երազանք» խմբակցության անունից կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք աջակցել օրինագծին։ Եթե խոսենք սկզբունքների մասին, ապա չպետք է մոռանալ, որ տարբեր երկրների կողմից շահարկումներ են արվել, այդ թվում՝ հղում են արել օկուպանտ երկրի օրենսդրությանը։ Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ եթե ինչ-որ մեկը պնդում է, որ սա ռուսաստանյան օրենսդրության նմանօրինակն է, ուրեմն նա պարզապես ստում է։ Իհարկե, սա նաև ամերիկյան օրենքի նմանօրինակը չէ», - ընդգծել է նա։
Վրաստանի իշխող խմբակցության ղեկավարը պնդել է, որ նախաձեռնությունը հեղինակած «Ժողովրդի ուժը» շարժման ներկայացուցիչները օրենքը գրելիս որևէ երկրի օրենքից չեն արտագրել։
Հակաարևմտյան հռետորաբանությամբ հայտնի քաղաքական այս միավորումը ստեղծվել է անցյալ տարի մի խումբ իշխանական պատգամավորների կողմից, որոնք լքել են «Վրացական երազանք» կուսակցությունը, սակայն նախընտրել են մնալ մեծամասնության խմբակցությունում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարբեր երկրների 40 կազմակերպություններ Վրաստանին կոչ են անում չընդունել «օտարերկրյա գործակալի» օրենքըՆրանց հեղինակած նախագծի համաձայն, որին ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, արտասահմանյան ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական անձինք և լրատվամիջոցներ, որոնց եկամտի ավելի քան 20 տոկոսն օտարերկրյա ֆինանսավորումն է ապահովում: Օտարերկրյա գործակալները պարտավոր են հայտարարագրել իրենց ֆինանսավորման աղբյուրը, պահանջը խախտելու դեպքում օրենքով սահմանված է մինչև 9500 դոլարի չափով տուգանք։
Իշխանության սատելիտը համարվող պատգամավորական խմբի նախաձեռնությունը կոշտ քննադատություն է հարուցել ինչպես երկրի ներսում, այնպես էլ Թբիլիսիի միջազգային գործընկերների շրջանում՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել։
Թեև օրենքի հեղինակները հավաստիացնում են՝ միակ նպատակը ֆինանսական հարցերում թափանցիկություն ապահովելն է, ընդդիմախոսները, այդուհանդերձ, կարծում են, որ այն ուղղված է այլախոհությունը ճնշելուն և կարող է մահացու հարված հասցնել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հույսերին:
Ընդ որում, վրաց պատգամավորները օրենքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորելիս երկար չեն մտածել՝ կրկնելով հենց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փաստարկները։
«Ինչո՞ւ է ԱՄՆ-ում կարելի, իսկ մեզ մոտ ոչ»,- հայտարարել էր Պուտինը՝ խոսելով օրինագծի մասին։
«Ամերիկան ունի նման իրավունք, բայց պարզվում է՝ մենք չունենք։ Դա այդպես չէ»,- պնդում է «Ժողովրդի ուժը» շարժման պատգամավոր Դմիտրի Խունդաձեն։
«Մենք չենք հորինել այդ օրենքը։ Այդ օրենքն ընդունվել է ԱՄՆ-ում՝ 30-ական թվականներին»,- անցած տարիներին ասում էր Կրեմլի ղեկավարը։
«Նման օրենք կա ԱՄՆ -ում, այն ընդունվել է 1938 թվականին»,- իր հերթին կրկնել է վրաց պատգամավորը։
«Մեր օրենքը շատ ավելի լիբերալ է», - այն ժամանակ հավաստիացրել էր Ռուսաստանի առաջնորդը։
«Մենք շեշտակի մեղմել ենք մեր օրինագիծը»,- անցած օրերին վստահեցրել է օրենքի համահեղինակ Միխայիլ Կավելաշվիլին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանում առաջարկում են ստեղծել դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը«Ոչ ռուսաստանյան օրենքին», «Ռուսաստանյան օրենքը Վրաստանի ընտրությունը չէ», «Մի խլացրեք ազատ ԶԼՄ-ները» ցուցապաստառներով նախօրեին տասնյակ լրագրողներ իրենց տեսակետն են հայտնել՝ բողոքի ակցիա իրականացնելով հենց խորհրդարանում։
Վրաստանի օմբուդսմենի գնահատմամբ ևս՝ խորհրդարան հասած նախաձեռնությունը չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժողովրդավարական պետության սկզբունքների հետ։
Օրենքին կտրուկ դեմ է արտահայտվել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը մտավախություն ունի՝ օրենսդրական նախագիծը Վրաստանը կմոտեցնի «Ռուսաստանի արատավոր մոդելին»։ Երկրի նախագահի համոզմամբ՝ խորհրդարանում այդ նախաձեռնության հայտնվելու պահն էլ պատահական չի ընտրվել։
«Հենց այն ժամանակ, երբ պատրաստվում է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման նախնական գնահատականը, փետրվարի 24-ին ընդառաջ, երբ ասոցացված եռյակի համար էլ ավելի հրատապ է դառնում Եվրոպայի ապագայի հարցը»,- այսօր տարածած հայտարարությունում ընդգծել է նախագահ Զուրաբիշվիլին։
Եվրամիությունը, հիշեցնենք, Վրաստանին խոստացել է դաշինքի անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ տրամադրել, եթե բարեփոխումների բավարար առաջընթաց արձանագրի 12 առաջնահերթ ոլորտներում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բորելը Վրաստանին կոչ է անում չհիասթափվել ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ չստանալու պատճառով«Եվրամիության հանձնարարականում լրատվամիջոցների ազատությունն ու մարդու իրավունքնի պաշտպանությունը գլխավոր ուղղություններից են», - հիշեցրել է աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ամերիկացի սենատոր Ջին Շահինը։
«Ես շատ հստակ կասեմ՝ Վրաստանի խորհրդարան ներկայացված այդ օրենքի նախագիծը նման է ռուսաստանյան, այլ ոչ թե ամերիկյան օրենքին։ Նման օրենք է ընդունվել նաև Հունգարիայում, փաստվել է, որ այն չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից»,- լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկյան օրենսդիր մարմնի ներկայացուցիչը։