Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մյունխենում հանդիպումներ է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) նախագահ Վերներ Հոյերի, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:
Վարչապետի աշխատակազմի լրատվականի փոխանցմամբ՝ Հոյերի հետ հանդիպմանը Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի միջև համագործակցությունը և տարբեր ոլորտներում իրականացվող համատեղ ներդրումային ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, քանի որ ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Վերներ Հոյերն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ը պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:
Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն ու կարևորել կայունության ու խաղաղության ամրապնդման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: