Զելենսկի. «Հիմա առաջնահերթությունը թշնամու գրոհների զսպումն է»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 16 փետրվարի, 2023թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մոտ ապագայում առաջնահերթությունը ռուսների գրոհները զսպելն է:

Նա ենթադրում է, որ ռուսների խոշոր հարձակումն արդեն մեկնարկել է, այն պետք է հետ մղել և անցնել հակագրոհի:

Ռուսաստանը երեկ առնվազն 36 հրթիռներ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, մասնավորապես, ծանր հարվածի է ենթարկվել նավթամշակման գործարանը: Կիևը նշել է, որ Բախմուտի համար կատաղի մարտերը շարունակվում են:

Անցյալ տարվա փետրվարի 24-ին սկսված այս արյունալի պատերազմի ընթացքում երկու կողմերից տասնյակ հազարավոր մարդիկ են զոհվել:

«Այսօր շտաբում բոլոր հրամանատարների հետ խորհրդակցություն էր, լսեցինք զեկույցներ ճակատում իրավիճակի մասին, հիմա պետք է զսպել թշնամու գրոհները»,- ասել է Զելենսկին: