Երևանը պլանավորում է Արարատ Միրզոյանի այցը Սիրիա․ Փաշինյան

Հայաստանը պլանավորում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Սիրիա, այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե Սիրիայի մեր գործընկերները դեմ չլինեն, առաջիկայում մենք նման այց կկազմակերպենք, նաև կարծում եմ, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն անպայման պետք է այց կատարի Սիրիա, որպեսզի նաև մեր զորակցությունն արտահայտվի», - ասաց վարչապետը՝ շեշտելով՝ հնարավորության չափով պետք է Երևանը հաղորդակցության մեջ լինի և՛ Սիրիայի, և՛ Թուրքիայի կառավարությունների հետ՝ հասկանալու համար, թե հնարավորության սահմաններում Հայաստանն ինչ աջակցություն կարող է ցուցաբերել։

«Մենք չենք կարող անհաղորդ լինել այդ աղետի հաղթահարման գործում մեր հարևաններին աջակցելու հարցում», - եզրափակեց գործադիրի ղեկավարը։

Երեկ Թուրքիայում գտնվող Հայաստանի արտգործնախարարն այցելել է երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաք, հանդիպել փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարական խմբին: Արտգործնախարարը նաև ծանոթացել է Հայաստանի կողմից նախօրեին ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:

Թուրքիայում փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի զոհերի թիվն անցել է 35 հազարը, Սիրիայում, ՄԱԿ-ի վերջին տվյալներով, 5 հազարը։ Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական խմբեր է ուղարկել աղետից տուժած տարածքներ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա. ԱԳՆ խոսնակ

Կառավարությունն այսօր պահուստային ֆոնդից 157 մլն դրամ հատկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ երկրաշարժից տուժած երկրներին տրամադրված հումանիտար օգնության ծախսերը փոխհատուցելու համար։

«Հումանիտար օգնությունն ամբողջությամբ տրամադրված է՝ դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները և դեպի Թուրքիա երկու անգամ ցամաքային ճանապարհով։ Այսինքն՝ ամբողջությամբ խնդիրը կատարված է և հիմա մնում է գումարի հատկացումը», - կառավարության նիստի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։

Վարչապետն իր հերթին տեղեկացրեց, որ Սիրիա մեկնած հայ փրկարարները վերադարձել են Երևան, իսկ Թուրքիա մեկնած փրկարարները կվերադառնան այսօր՝ ցամաքային ճապարհով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ փրկարարները վերադառնում են Հալեպից