Արդյո՞ք Թուրքիային ցուցաբերված հումանիտար օգնությունը կարող է խթան դառնալ սահմանների բացման համար

Արդյո՞ք Թուրքիային ցուցաբերված հումանիտար օգնությունը կարող է խթան դառնալ 2 երկրների միջև հարաբերությունների կարգավորման ու սահմաններիի բացման համար։

Շաբաթ օրը 30 տարվա մեջ առաջին անգամ Հայաստանը Թուրքիային կապող ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց։ Մարգարայի կամրջով Հայաստանը 100 տոննա մարդասիրական բեռ ուղարկեց աղետից տուժած Ադիյաման քաղաք, որտեղ շուրջ մեկ շաբաթ է՝ աշխատում է հայ փրկարարների 27 հոգանոց խումբը։

Հայաստանյան իշխանության և ընդդիմության ակնկալիքները այս առումով տարբեր են։

«Ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել»

Խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ իշխանական Սարգիս Խանդանյանը կարծում է, որ Հայաստանի քայլերը կարող են դրական ազդակ դառնալ։

«Ես կարծում եմ, որ սա որոշակի առումով դրական ազդակ է: Իհարկե, նման մասշտաբի աղետի դեպքում դրական ազդակներից խոսելը մի քիչ դժվար է, բայց, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ ցանկության դեպքում հնարավոր է, օրինակ, սահմանը բացել, շահագործել ճանապարհները, կոմունիկացիաները: Հույս ունենանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին, և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք», - նշեց Խանդանյանը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ անցած նոյեմբերին՝ սահմանին՝ հենց Մարգարայի կամրջի մոտ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի տեխնիկական պատվիրակությունները։ Ըստ Խանդանյանի՝ երեք տասնամյակ չգործող կամուրջը փորձաքննության է ենթարկվել, ամրացման կարիք կա, բայց այդ խնդիրը կարելի է արագ լուծել, եթե, իհարկե, սահմանը բացելու քաղաքական որոշում կայացվի։

«Լավ լուրն այն է, որ տեսանք, որ անցանելի է կամուրջը: Ենթադրում եմ, որ եթե այլ որոշում կայացվի, օրինակ, սահմանը բացելու կամ երրորդ երկրի քաղաքացիների համար առնվազն սահմանը բացելու, շատ մեծ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այն լիակատար անցանելի դառնա», - ընդգծեց նա:

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ կապված «այլ նպատակներ ունեն»

Սերժ Սարգսյանի ղեկավարած հանրապետականի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ հատկապես 44-օրյա պատերազմից և դրան հետևած ադրբեջանական մի շարք հարձակումներից հետո, Թուրքիայի նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքը տրամաբանական չէ։

Ցավակցությունը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, միանգամայն բավարար կլիներ, հաշվի առնելով Բաքվի և Անկարայի հեռահար նպատակները։

«Դրանք ենթադրում են ագրեսիայի կամ ճնշումների միջոցով, եթե ոչ ամբողջությամբ, ապա Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ ամբողջությամբ վերահսկողության հասնելուն: Թուրքիան եթե իրականում ցանկություն ունենար Հայաստանի հետ հարաբերությունները տանելու առանց նախապայմանների հանգուցալուծման ճանապարհով, ապա հետպատերազմյան ժամանակահատվածի 2,5 տարին բավարար էր այդ գործընթացը արդյունավետ հուն դնելու, ճանապարհները բացելու, դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու համար: Իսկ այս իրավիճակում Հայաստանի քայլերը կամ հայտարարությունները դրա վրա որևէ լուրջ ազդեցություն չեն թողնելու», - ընդգծեց Աբրահամյանը:

«Թուրքիան չի բացի սահմանը, քանի Հայաստանը չի կատարել իր բոլոր պահանջները»

Հայ հեղափոխական դաշնակցությունում ևս վստահ են՝ Թուրքիան չի բացելու սահմանը։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ Հայաստանի մարդասիրական քայլերը որևէ ազդեցություն հարաբերությունների կարգավորման վրա չեն ունենալու։

«Թուրքիան բացեց Մարգարայի ճանապարհը, երբ իրեն էր դա պետք, և փակ կպահի այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի կատարի Թուրքիայի դրած բոլոր պահանջները: Երկրորդը՝ եթե Թուրքիան բարի կամք ուզենար դրսևորեր, կպահանջեր, որպեսզի իր կրտսեր գործընկեր Ադրբեջանը բացեր Լաչինի ճանապարհը և գոնե 100 տոննա ապրանք տեղափոխվեր նաև Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Ես քաղաքական որևէ ազդակ չեմ տեսնում, Թուրքիան չի հրաժարվի իր հակահայ քաղաքականությունից, քանի այս իշխանությունները չեն ընդունել Թուրքիայի բոլոր նախապայմանները՝ ներառյալ Արցախից հրաժարվելը», - ասաց Խաչատրյանը:

Դաշնակցական պատգամավորի խոսքով՝ Թուրքիան չի գնահատում Հայաստանի մարդասիրական ժեստը, քանի որ այդ երկրի իշխանությունը որևէ հայտարարություն չի արել, միայն հայ-թուրքական բանակցություններում Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն է շնորհակալություն հայտնել։

«Նիկոլ Փաշինյանին շնորհակալության է հայտնում Վահագն Խաչատրյանը Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար, իսկ Թուրքիայի նախագահից ես որևէ շնորհակալության խոսք չեմ տեսել», - նշեց Արթուր Խաչատրյանը:

Հայաստանը Թուրքիա և Սիրիա փրկարարներ ու մարդասիրական օգնություն ուղարկեց վարչապետի ու այդ երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցներից հետո։ Կառավարության հաղորդմամբ՝ Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն էր հայտնել զորակցության համար և նշել, որ Թուրքիայի կառավարությունը բարձր է գնահատում Հայաստանի աջակցությունը՝ կարևորելով այդ քայլը նաև երկու երկրների միջև հետագա երկխոսության խորացման տեսանկյունից: