«Դեռ որքա՞ն է ձգվելու այս քննությունը». «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ցանկանում են հանդիպել քննիչին

Քաղաացիաները հարգանքի տուրք են մատուցում «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին, արխիվ

15 տարի առաջ Երևանի կենտրոնում «Չերյոմուխա 7»-ի կրակոցից սպանված Գոռ Քլոյանի հայրը վերջերս է հանդիպել Մարտի 1-ի սպանությունների գործը հսկող նոր դատախազի հետ։ Սարգիս Քլոյանն ու բախտակից մյուս ծնողները այժմ էլ ցանկանում են քննիչի հետ հանդիպել՝ տալու տարիներ շարունակ իրենց տանջող հարցը՝ դեռ որքա՞ն է ձգվելու այս քննությունը։

«Մտադիր եմ գնալ քննիչի մոտ, ասել՝ ի՞նչ առաջընթաց կա, ո՞ւր եք հասել, պետք է աշխատենք, տանը նստելուց ոչինչ դուրս չի գա», - ասաց Սարգիս Քլոյանը:

Գործի հսկողությունը մի քանի շաբաթ առաջ ստանձնած դատախազը նրանց այս հարցին պատասխանել է, թե դեռ պիտի ծանոթանա նյութերին։

«Ասացի՝ մենք եկել ենք Ձեզ մոտ, Ձեզանից իմանալու՝ ի՞նչ ունեք մեզ ասելու, նա պատասխանեց, որ «ես ընդամենը 10 օրվա դատախազ եմ, ոչինչ չեմ կարող ձեզ ասել», - պատմեց Քլոյանը:

Որդեկորույս հայրը դատախազ Հայկ Հովհաննիսյանին է փոխանցել իր կասկածները, նաև ընդգծել՝ 2008-ի հետընտրական արյունալի այդ դեպքերից հետո ստեղծված փաստահավաք խմբի նախկին անդամները ևս կարող են օգնել քննությանը, որպեսզի ի վերջո պարզվի՝ ովքե՞ր հրամայեցին կրակ բացել ցուցարարների վրա։

«Մենք կարող ենք ասել, որ Մարտի 1-ի գործն ըստ էության ամբողջ ծավալով բացահայտված է», - վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից գրեթե 5 տարի է անցել։ Մինչ օրս, սակայն, հաղորդվել է միայն սպանության համար մեղադրվող մեկ նախկին բարձրաստիճան ոստիկանի մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով 10 զոհերից և ոչ մեկի սպանությունը դեռ բացահայտված չէ

Ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է ցուցարարներից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար, նա մի քանի տարի առաջ երկու ամսով կալանավորվեց, ապա ազատ արձակվեց հայտարարելով, որ մեղքը չի ընդունում։ Դրանից հետո որևէ այլ տեղեկություն իրավապահները չեն հաղորդել։ Շարունակ ասում են՝ նախաքննություն է ընթանում, որի վրա բացասական ազդեցություն ունի ժամանակը՝ դա բարդացնում, որոշ դեպքերում անհնարին է դարձնում տասը զոհերի մահվան ու այլ հանգամանքների պատշաճ ապացուցումը, նոր ապացույցների ձեռքբերումը։

Նոր դատախազի հետ հանդիպած մյուս ծնողը՝ Վաչագան Ֆարմանյանը տարակուսում է՝ ի՞նչ կապ ունի ժամանակը հրաման տվողին հայտնաբերելու հետ։ Հիշեցնում է, որ ապացույցները կեղծելու համար մեղադրվող ՀՔԾ նախկին քննիչ Վահագն Հարությունյանն արդեն հինգ տարի է հետախուզվում է, ինչո՞ւ իշխանություններին չի հաջողվում նրան Հայաստան վերադարձնել։

«Ես Դատախազությունում էլ ասացի, դա ո՛չ պիստալետ ա, ո՛չ բան ա, դա «Չերյոմուխա 7» զենքն ա, որը պարկից առանց հրաման տալու ոչ ոք չի կարա հանի, հետո էլ պիտի օգտագործող լինի», - նշեց Ֆարմանյանը:

Հետընտրական բախումներում իրենց զավակներին կորցրած տարեց ծնողներն ասում են՝ չեն ուզում կյանքից հեռանալ՝ առանց իմանալու՝ ովքեր սպանեցին իրենց որդիներին։

Մարտի 1-ին զոհված Արմեն Ֆարմանյանի հիշատակին հայրը հուշարձան է տեղադրել՝ որդու սիրելի Խոր վիրապն են քանդակել, ասում է։ Տարեց Քլոյաններին էլ ջերմացնում են Ղրիմ տեղափոխված թոռնիկները։ «Նրանցով ենք ապրում», - ասում է մայրը՝ տիկին Ազատուհին, որի օրն սկսվում ու ավարտվում է թոռնիկներով։