Հուսով ենք, որ եթե կան կենդանի մարդիկ, մեզ կհաջողվի նրանց դուրս բերել. հայ փրկարար

Հայաստանից Թուրքիա և Սիրիա մեկնած փրկարարները շարունակում են աշխատանքները հուժկու երկրաշարժից տուժած տարածքներում։ Հալեպում աշխատող հայ փրկարարներին կարողացել են 7 դի հանել փլատակներից, ողջ մարդկանց հայտնաբերելու շանսերն օր-օրի նվազում են։

«Ճիշտ է, կենդանի մարդկանց դուրս բերելու հավանականությունը գնալով պակասում է, բայց հուսով ենք, որ եթե կան նման մարդիկ, մեզ կհաջողվի նրանց դուրս բերել։ Ցավոք սրտի, մինչև հիմա մենք դուրս ենք բերել միայն դիակներ», - ասում է հայ փրկարարներից մեկը։

Հալեպում լույս տեսնող «Գանձասար» պարբերականի խմբագիր Զարմիկ Պողիկյանը պատմում է, որ երկրաշարժից 4 օր անց շատերը դեռ չեն վերադարձել իրենց բնակարանները, ապաստանել են հանրային վայրերում կամ հարազատների տներում։ Դեպքեր են եղել, երբ երկրաշարժի ժամանակ վնասված որևէ շենք ավելի ուշ է փլուզվել։

Հիմա Հալեպում, Լաթակիայում ու երկրաշարժից տուժած մյուս բնակավայրերում ստուգում են շենքերի վիճակը, ասաց Պողիկյանը. - «Ներկայիս ստուգումներ կգնան թե' պետական, թե' ազգային առաջնորդարանը առաջացուցած է մարմին մը, որ ստուգեն։ Եթե ըսեն, որ պետք է պարպվե, կպարպեն բնակարանը։ Կպարպեն և կամ իրենց հարազատներու մոտ ավելի ապահով, կամ ազգային կենտրոններու մեջ կգիշերեն»։

Հալեպում, ըստ Պողիկյանի, առաջին հերթին տուժել են այն շեքները, որոնք անօրինական կցակառույցներ են ունեցել կամ ձևափոխված են եղել, ինչպես նաև քանդվել կամ լրջորեն վնասվել են մեկ տասնամյակ Սիրայում շարունակված պատերազմից արդեն տուժած շենքերը. - «Առաջին հերթին այդպիսի շենքերը անմիջապես արդեն փուլ եկան, երկրաշարժի առաջին վայրկյաններում։ Որովհետև շենքի կառույցի մեջ ապօրինի բաներ եղած էին՝ հարկեր ավելցած և այլն»։

Սիրիայում երկրաշարժից տուժածների թիվը, պաշտոնական տվյալով, արդեն արցել է երեք հազարը, Թուրքիայում զոհերի թիվը շատ ավելի է՝ 19 հազար մարդ կյանքից հեռացել է երկրաշարժի պատճառով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երկրաշարժից հետո երկու երկրներում իրավիճակը աղետալի է. զոհերի թիվը անցել է 22 հազարըԹուրքիայի հարավում այսօր տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով նոր երկրաշարժԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 19 հազարին

Թեև երկուշաբթի Թուրքիան ու Սիրիան ցնցած երկրաշարժի էպիկենտրոնը հենց Թուրքիայում է՝ Գազիանթեփ քաղաքի մերձակայքում, այնուամենայնիվ Թուրքիայի քաղաքացիները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ է զոհերի թիվն այդքան մեծ։ Նրանց թվում, ըստ Ստամբուլում բնակվող հայազգի Գայուշ Չալըկման-Գավրիլոֆի, զոհվել են նաև բազմաթիվ ծպտյալ հայեր. - «Մի քիչ առաջ Անտիոք ընկերոջ մը հետ կխոսեի, իմանաս որ, ըսավ, որ ադ քու եկած տեսած տեղերդ հիմա չկան։ Նույն բանը Տիգրանակերտի համար... Ես հաճախ Տիգրանակերտ գացեր-էկել եմ, շատ-շատ գացած-էկած եմ, հիմա Տիգրանակերտ ըսելով բան մը չկա։ Ես ընկերուհուս տունը կմնայի, ադ տունը չկա, կողքի տունը չկա։ Շատ տխուր է վիճակը, իսկապես շատ-շատ տխուր է վիճակը»։

Ստամբուլահայ կինը ասաց նաև, որ երկրում Թվիթերը արգելափակել են, ինտերնետ կապ դանդաղել է, քանի որ մեծ է իշխանությունների հանդեպ քննադատության ալիքը։ Շատերը վստահ են՝ Էրդողանի վարչակազմը չկարողացավ արագ վերացնել աղետի հետևանքները. - «Չկըրցան կառավարել կրիզը, չուզեցին կառավարել, և հիմա, դժբախտաբար, շատ գեշ բան մըն է, բայց ադ կրիզը իրենց օգտին վերածելու ջանքերու մեջ են։ Այդ տասը նահանգներում գրեթե բոլորը քյուրդի քաղաքներ էին... պատժեցին ժողովուրդը, ուղղակի պատժեցին»։

Թուրքիայում քանդվել են նաև հիվանդանոցներ, դպրոցներ ու պետության կողմից կառուցված բազմաթիվ շենքեր, ինչը զայրացրել է շատերին, պատմում է Ստամբուլի բնակիչը։ Ինչո՞ւ է պետությունն անորակ շենքեր կառուցել առանց պահպանելու սեյսմիկ անվտանգության կանոնները. - «Ուղղակի անորակ, սխալ շինություններ, սխալ տեղեր էղած շինություններ, և ասոր աչք փակող կառավարություն մը»։

Հայ փրկարարները շարունակում են աշխատել նաև Թուրքիայում, նրանց աշխատանքից երեկ կադրեր էր հրապարակել ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանը։